Հեռո՛ւ մնացեք «գունավոր հեղափոխությունից». Սերժ Թանկյանն իր աջակցությունն է հայտնել ցուցարարներին ու խորհուրդներ տվել նրանց (տեսանյութ)
Ամերիկյան System Of a Down հանրահայտ ռոք խմբի մեներգիչ Սերժ Թանկյանն իր պաշտոնական յութուբյան ալիքում անդրադարձել է Հայաստանում ընթացող հակակառավարական ցույցերին՝ իր աջակցությունը հայտնելով փողոց դուրս եկած ցուցարարներին:
Երաժիշտը նախևառաջ անդրադարձել է վերջին օրերին շրջանառվող տեղեկություններին այն մասին, որ ինքը պատրաստվում է Երևան գալ:
«Ես շատ կցանկանայի ձեզ միանալ Երևանում կամ այլ քաղաքներում, քանզի սիրտս և միտքս ամբողջովին ձեր հետ է։ Մինչև հիմա այլ պատճառներով չեմ կարողացել, բայց հուսամ մոտ ժամանակներս կկարողանամ։ Ցանկանում եմ շնորհավորել ձեզ Հայաստանի պատմության մեջ մինչ օրս ամենահաջող քաղաքացիական անհնազանդության քարոզարշավի համար: Այս շարժումն իսկական է, և այն լիովին ձերն է, և պետք է մնա այդպիսին՝ զերծ իրենց շահը հետապնդող կասկածելի ուժերից։ Պետք է իմանաք, որ Սփյուռքում բոլորը ձեզ աջակցում են, նույնիսկ նրանք, ովքեր լինելով տարբեր կազմակերպություններում, որոշ պատճառներով դեմ են ձեր ջանքերին, բայց ներքուստ նրանք նույնպես ձեզ աջակցում են։ Մենք ապշած ենք ձեր առաքինությամբ, խաղաղասիրությամբ և հանդուրժողականությամբ»,-նշել է երաժիշտը:
Թանկյանը նկատել է, որ այն, ինչ կատարվում է, «յուրահատուկ բան է Հայաստանի համար, նոր մշակութային հեղափոխություն, և դա է այսօր իսկական հեղափոխությունը Հայաստանում»:
«Դուք փոխել եք ձեր մշակույթը, և դրա շնորհիվ արդեն հաղթել եք։ Դուք հասկացել եք, որ այս մշակույթի փոփոխությունը, այս մշակութային զարթոնքը և արդարության պահանջը մարդու հիմնական իրավունքներն են»,-շարունակել է Թանկյանը:
Բացի այդ, ամերիկահայ աստղը ցուցարարներին մի շարք խորհուրդներ է տվել՝ կապված ընթացող ցույցերի հետ: Ըստ Թանկյանի՝ մասնակիցները նախևառաջ պետք է հեռու մնան «գունավոր հեղափոխություն» ասվածից, քանի որ այն մտազուգորդվում է Արևելք-Արևմուտք առճակատման հետ:
«Մեր պայքարն Արևելքին կամ Արևմուտքին կողմ կամ դեմ լինելը չէ, այն արդարության և առաջադիմական փոփոխության համար է: Մենք չենք ուզում որևէ կայսրության վասալ պետությունը լինել, մեզ պետք են լավ հարաբերություններ բոլորի հետ»,-ասել է Թանկյանը:
Երաժշտի երկրորդ խորհուրդը վերաբերում է ցուցարարների պահանջների կոնկրետացմանը:
«Առաջարկում եմ պահանջել, որ Սերժ Սարգսյանը ոչ միայն հրաժարական տա վարչապետի պաշտոնից, այլ նաև հրաժարվի իր կուսակցության առաջնորդը լինելուց: Այնուհետև ես կպահանջեի բարեփոխումների փաթեթ, որը կզբաղվեր այն բոլոր անարդարություններով, որոնք մեզ հայտնի են`կոռուպցիա, շրջակա միջավայրի աղտոտում և այլ բաներ՝ ներկայացնելով հստակ ժամանակահատված նոր կառավարությանը՝ դրանք իրականացնելու համար։ Եթե բարեփոխումները տեղի չեն ունենում, ապա ես ամսաթիվ կնշանակեի ապագա նոր բողոքի ցույցերի համար՝ այս անգամ պահանջելով խորհրդարանի հրաժարականը և նոր խորհրդարանական ընտրություններ»,-շարունակել է Թանկյանը:
Երաժշտի երրորդ խորհուրդն ավելի շատ կոչ է խաղաղ դիմադրությունը շարունակելու, սադրիչների թակարդներից խուսափելու, ճկուն, արդար, անկեղծ ու սիրող մնալու, ոստիկանության հետ եղբայրների և քույրերի պես վերաբերվելու մասին: