Լրագրող Տիրայր Մուրադյանը տուժող է ճանաչվել
«Ըստ քրեական գործի տվյալների՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության լրագրող Տիրայր Մուրադյանը ապրիլի 19-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, որպես լրագրող իր աշխատանքն է կատարել Երևան քաղաքի Արամի փողոցում տեղակայված ՀՀ կառավարության 3-րդ վարչական շենքի դիմաց։ Լուսանկարներ կատարելիս քաղաքացիական հագուստով երկու անձ հարձակվել են լրագրողի վրա և բռնություն գործադրել։
Լրագրողը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն և ստացել անհրաժեշտ բուժօգնություն։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որով նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությանը։ Լրագրող Տ. Մուրադյանն այսօր ճանաչվել է տուժող և հարցաքննվել։ Նրա նկատմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու,ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու և նրանց գործողություններին համարժեք քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ»,- նշված է ՔԿ հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ նախօրեին ոստիկանները լրագրող Տիրայր Մուրադյանին ուժով հեռացրել էին բողոքի ակցիայի վայիրց։ Իսկ դրանից մեկ օր առաջ էլ, Մուրադյանի պնդմամբ, ոստիկանների ներկայությամբ իրեն ծեծի են ենթարկել: