Իմ խորին համոզմամբ՝ որևիցե հարցի նկատմամբ քաղաքական հետապնդում Հայաստանում չի իրականացվել. Դ. Հարությունյան
Երբևէ Արդարադատության նախարարը որևէ դատական ակտի վերաբերյալ որևէ կարծիք չի արտահայտել, և դա ճիշտ է:
Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը`անդրադառնալով Ժիրայր Սեֆիլյանի և Գևորգ Սաֆարյանի նկատմամբ երեկ կայացված վճիռներին:
Հարցին՝ դեպքեր եղել են արդյոք, որ քաղաքական պատճառներով ՀՀ-ում մարդիկ են դատապարտվել, Դավիթ Հարությունյանը պատասխանեց.
«Ո՛չ, իմ խորին համոզմամբ՝ որևիցե հարցի նկատմամբ քաղաքական հետապնդում Հայաստանում չի իրականացվել»:
Նախարարը, պատասխանելով հարցին, թե այդ դեպքում ինչպես կորակի Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ 10 տարի 5 ամիս ազատազրկման վճիռը, նշեց.
«Դուք կարող եք ունենալ այլ կարծիք, ես կարող եմ ունենալ այլ կարծիք, բայց սա հարցաքննություն չէ»:
Դավիթ Հարությունյանը գտնում է, որ Արդարադատության որևէ նախարար որևէ դատական ակտի վերաբերյալ դիրքորոշում չի արտահայտել, ինչն իր գնահատմամբ ճիշտ է:
«Արդարադատության նախարարը չպետք է կարծիք հայտնի որևէ դատական ակտի վերաբերյալ: Անկախ նրանից՝ ես կուսակցական եմ, թե ոչ, ես Արդարադատության նախարարն եմ, ինչի հետ դուք ստիպված եք հաշտվել: Իմ առաքելությունն ավելի շատ արդարադատության քաղաքականության ոլորտում է, և եթե ես որևէ մի հարցի վերաբերյալ կարծիք ունեմ, ես դա արտահայտում եմ՝ օրենսդրական նախաձեռնություն ներկայացնելով»,- եզրափակեց Դավիթ Հարությունյանը:
Հիշեցնենք, որ Ժիրայր Սեֆիլյանը դատապարտվել է 10, 5 տարի ազատազրկման, իսկ Գևորգ Սաֆարյանն ազատազրկվել է 5, 5 տարով: