Մտանք, գրավեցինք, սկսեցին կրակել, մենք էլ կրակեցինք. դատարանում ներկայացվեց ՊՊԾ գնդի գրավման ժամանակ փոխհրամանատար Վանոյանի սպանության մասին խոսակցությունը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում շարունակվում է ՊՊԾ գունդը զավթելու և մի շարք ծանր հանցագործություններ կատարելու մեջ մեղադրվողներից Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Մխիթար Ավետիսյանի, Գագիկ Եղիազարյանի, Արմեն Բիլյանի, Սմբատ Բարսեղյանի, Արեգ Կյուրեղյանի, Էդուարդ Գրիգորյանի, Սեդրակ Նազարյանի գործով դատական նիստը: Այսօրվա նիստին դատարանում հետազոտվում է ՊՊԾ գնդում գտնվելու ժամանակ ամբաստանյալների մուտքային և ելքային հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումները:
Գաղտնալսումների համաձայն՝ ըստ ներկայանալու Պավլիկ Մանուկյանի որդին՝ Արամ Մանուկյանը զանգահարել է տարբեր մարդկանց և հայտնել.«Հեղափոխությունը սկսվել է և մենք օգնության կարիք ունենք: «Հրեշտակների» գունդը վերցրել ենք, պետք է շարժվենք աջ ու ձախ ժողովրդին հանեք ոտքի: Ձեր օգնության, ժողովրդի մոբիլիզացիայի կարիքն ունենք, ժողովրդին հանեք ոտի, տեղեկացրեք, իրազեկեք»:
Նույնատիպ զանգ կատարել է նաև Պավլիկ Մանուկյանը և հայտնել, որ ժողովրդին պետք է ոտքի հանել: Նա զանգահարել է ոմն Աշոտի և հայտնել. «Օսիպյանն այստեղ է, մեր մոտ, կարծում եմ` կռիվ է լինելու, դուք ժողովրդին հանեք ոտքի»:
Ընթերցվեց նաև 2016 թվականի հուլիսի 20-ին Վարուժան Ավետիսյանի զանգը Նարինեին, ում հայտնում է, որ ժողովրդին հայտնի, որ Նիկոլ Փաշինյանին ու Լևոն Զուրաբյանին չլսեն:
Նույն օրը Պավլիկ Մանուկյանը զանգում է ոմն Սևակի ու ասում.«Ապեր, ի՞նչ կա, մեր տղերքին ասա` Նիկոլին շուռ տան զիբիլի վեդրոն, Նիկոլին չլսեն, թող շպրտեն վեդրոն, եթե չեք կարում քար, մար շպրտեք վրեն»:
Երբ դատական նիստին մեղադրող դատախազն ընթերցում վերը նշվածը, Պավլիկ Մանուկյանը տեղից գոռաց. «Հիմա էլ ենք նույնը ասում, հենց հիմա»:
Նույն օրը, ըստ ներկայանալու, Աշոտը զանգել է Պավլիկ Մանուկյանին, և ասել, որ չկրակեն, ինչին ի պատասխան Մանուկյանը հայտնել է.« Մենք չենք կրակում,բայց ով է ասել, որ մենք կրակում ենք, ստեղից կրակոց չի եղել, մենք չենք եղել»:
2019 հուլիսի 20-ին մի կին ՝ըստ դիմելաձևի Անահիտը, զանգահարում է մի տղամարդու՝ ըստ ձայնի ՝Տիկոյին, խոսակցության բովանդակությունը սկսում է ՝ սնունդի մասին հարցով և լսելով, որ խնդիրներ չկան, հարցնում է.«Բա էդ միլիցուն, որ խփել են, դրա համար պրոբլեմ չի՞ լինի»:
«Հրաձգություն է, այ քեզի բան, թող չկրակեր, չնայած ես այդ գծի վրա չեմ եղել, ես ուրիշ շենքի վրա էի»:
Դատարանը հրապարակեց նաև ըստ ներկայանալու՝ Հասոյի, նրա մոր և եղբոր՝ Հովի ձայնագրությունը:
«Մեզ չեն կարա հաղթեն, մեր հետ ամենաուժեղ զորավարներն են, շատ ենք, թվեր մվեր չենք ասում, մեր հեռախոսները լսում են, հաղթելու ենք, էդ մեր կարգախոսն է»,-ասել է ամբաստանյալը:
Մոր հարցին, թե ոստիկանին սպանելը խնդիր չի՞ լինի, որդին պատասխանել է.«Էդ իրա խելքից մեռավ»:
Մոր հարցին` բայց նրան ովքե՞ր են խփել, ոստիկաննե՞րը, որդին պատասխանել է.«Չէ, մամ, դե որ մտանք գրավեցինք, ջոկում ես, վայենի չաստ է, մլիցեք են, որ սրանք սկսեցին կրակել, մենք սկսեցինք կրակել, ինքը սկսավ կրակել վրեքներս, մենք էլ իրա վրա, ես անձամբ գոռում էի՝ արա, ո՞ւր ես կրակում, մենք չենք եկել ձեզ սպանենք: Էն մեկի թևին խփեցինք, սկոռի կանչեցինք, տեղավորել ենք, մենք ոչ մեկի մահը չենք ուզում, էն մեկն էլ ընկել, ձեռն էր կոտրել, էն մեկի հարսանիքն էր, դրան էլ թողինք, որ գնա, մի հատ գեներալ էր, մի հատ գնդապետ է, հիմա գալիս է, ասում ենք՝ հաց կեր, չի ուտում, որ ցույց էինք անում, ինքը առյուծ էր կտրում»:
Զննության է ենթարկվել նաև Վարուժան Ավետիսյանի ու Կարոյի հեռախոսազանգը, ով հայտնել է հավաքների մասին:
Ապացույցների հետազոտումը շարունակվում է:
Հիշեցնենք, որ ՊՊԾ գնդի գրավման օրը սպանվել է ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի փոխհրամանատար Արթուր Վանոյանը: ՊՊԾ գնդի գրավման հետևանքով զոհվել է ևս երկու ոստիկան: Ձայնագրությունում խոսվում է Արթուր Վանոյանի սպանության մասին, որովհետև հեռախոսազանգը վերբերում է ՊՊԾ գունդը գրավելու օրվան՝ հուլիսի 17-ին: