Անընդհատ պարծենում են, թե ՀՀ-ն ամենագազիֆիկացված երկիրն է, բայց գյուղական բնակչության 72, 2%-ը բնակարանները ջեռուցում է փայտով. Փաշինյան
ԱԺ օրակարգում է «Ելք» խմբակցության հարցապնդման պատասխանը քննարկելու մասին հարցը, որն, ըստ խմբակցության, էներգետիկ համակարգի վիճակի ախտորոշում անելն է:
«Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նկատեց, թե ՀՀ իշխանություններն անընդհատ պարծենում են, թե ՀՀ-ն ամենագազիֆիկացված երկիրն է: «Բայց իմ ձեռքի տակ է պետական այլ գերատեսչության զեկույցը՝ Առողջապահության նախարարության, ըստ որի՝ գյուղական բնակչության 72, 2%-ը բնակարանները ջեռուցում է վառելափայտով»,-ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը հարցրեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանին, թե ինչ եղավ 2008 հոկտեմբերի 10-ին նախագահ Սերժ Սարգսյանի խոստումը՝ նոր ատոմակայան կառուցելու վերաբերյալ:
Նախարարը պատասխանեց, թե գազիֆիկացումը և գազի օգտագործումը տնային տնտեսությունների կողմից գյուղական վայրերում տարբեր բաներ են: «Մեր երկրի կողմից գազաֆիկացումը հասնում է 98%-ի, հաշվի առնելով Մեղրիի, Ագարակի գազիֆիկացումը: Օգտագործումն արդեն անձնական որոշում է, յուրաքանչյուր ոք ինքն է որոշում գազով ջեռուցել, թե այլ տարբերակով»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է հայկական ատոմակայանին, ապա նախարարն ասաց, որ ատոմակայանն ի զորու է շարունակել իր աշխատանքը որոշակի արդիականացում կատարելուց հետո, մասնագետները կարող են դրանից հետո որոշել, թե որքան կյանք ունի ու որքան ժամանակ կարող է շահագործվել նոր էներգաբլոկը:
Նա հավելեց նաև, որ այն կարող է շահագործվել այնքան ժամանակ, որքան ռեսուրս ունի անվտանգ և հուսալի շահագործման համար: