Իրաքում 2013 թվականից ի վեր ավելի քան 3 հազար մարդ դատապարտվել է մահապատժի՝ ԻՊ-ի հետ կապերի համար. AP
Իրաքում 2013 թվականից ի վեր ավելի քան 3 հազար մարդ դատապարտվել է մահապատժի՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապերի համար: Դրանից բացի, հունվարի վերջի դրությամբ նույն կասկածանքով ձերբակալվել է մոտ 19 հազար մարդ: Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը:
Իրաքցի պաշտոնյաների՝ գործակալությանը տրամադրած տվյալների համաձայն, ընդհանուր առմամբ, Իրաքում հունվարի դրությամբ ձերբակալվել է 27.849 մարդ, որոնցից մոտ 8 հազարը գտնվում է կալանքի տակ՝ 2013-2018 թվականներն ընկած ժամանակահատվածում ահաբեկչական գործունեություն իրականացնելու մեղադրանքով:
Աղբյուրի հաղորդմամբ՝ ևս մի քանի հազար մարդ ազատազրկվել է դաշնային իրավապահ մարմինների, զինծառայողների, ինչպես նաև քուրդ աշխարհազորայինների գործողությունների արդյունքում:
Նշվում է, որ ձերբակալվածներից շատերը երկար ժամանակ սպասում են դատաքննության մեկնարկին, ինչը վկայում է քննիչների ու դատավորների պակասի մասին: