Ուկրաինան դադարեցրել է Ռուսաստանի հետ տնտեսական համագործակցությունը
Ուկրաինայի կառավարությունը որոշում է կայացրել դադարեցնել Ռուսաստանի հետ 2011-2020 թվականների համար տնտեսական համագործակցության ծրագրի գործողությունը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ինչպես հայտնի է դարձել, այդ որոշումը կայացվել է առանց քննարկման:
«Ընդունվել է միաձայն»,- ասել է Ուկրաինայի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանը:
Կիևն իր քայլը բացատրել է երկրի տնտեսության ուղղությունը փոխելու և ազգային շահերին համապատասխանեցնելու փորձով:
«Կանենք ամեն ինչ, որպեսզի ագրեսոր երկիրը բարձր գին վճարի Ուկրաինայում ագրեսիայի համար»,- ավելի վաղ ասել էր Գրոյսմանը:
Կողմերը տնտեսական համագործակցության ծրագիրը ստորագրել են 2011 թվականի հունիսին: Այն նախատեսում է ազատ առևտրի ռեժիմի և ներդրումների փոխադարձ պաշտպանության խորացում, վճարային գործարքների ինտեգրված համակարգի ստեղծում և երկու երկրների քաղաքացիների ազատ տեղաշարժի ապահովում:
Բացի այդ, այս շաբաթ Ուկրաինայի ԱԳՆ-ն առաջարկ է պատրաստել ԱՊՀ-ից երկրի դուրս գալու և Ռուսաստանի հետ բարեկամության, համագործակցության և գործընկերության պայմանագիրը չեղարկելու մասին: