ԻՊ-ը ստանձնել է Քաբուլում տեղի ունեցած պայթյունի պատասխանատվությունը
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Քաբուլում տեղի ունեցած պայթյունի պատասխանատվությունը, որի հետևանքով, վերջին տվյալների համաձայն, մահացել է 29 և վնասվածքներ ստացել 52 մարդ: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն՝ հղում անելով Tolo News-ին:
Ինչպես «РИА Новости»-ին տեղեկացրել է Աֆղանստանի ՆԳ նախարարության ներկայացուցիչ Նուսրա Ռահիմին, ահաբեկչությունը տեղի է ունեցել Ալի Աբադ թաղամասում՝ Քաբուլի համալսարանի մուտքի մոտ:
Մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է իրեն մարդկանց ամբոխի մեջ, որոնք գնում էին սրբատեղի՝ գարնան և նոր տարվա տոնը՝ Նովրուզը, նշելու համար:
Ավելի վաղ Tolo News-ը հաղորդել է, որ տուժածները հոսպիտալացվել են, հինգ վիրավոր գտնվում է ծանր վիճակում:
Հիշեցնենք, որ Աֆղանստանի ՆԳ նախարարության մամուլի քարտուղար Նաջիբ Դանեշը տեղեկացրել է, որ հարձակվողը մտադիր է եղել հասնել սրբատեղի, որտեղ նշվում էր տոնը, սակայն նա չի անցել ոստիկանական անցակետերով: