Կառավարությունը մեր խողովակաշարն անվճար է տրամադրում Գազպրոմին, քանի որ վարչապետը Գազպրոմի նախկին աշխատող է, շահերի բախում կա. Է. Մարուքյան
ԱԺ-ում «Ելք» խմբակցության հարցապնդման պատասխանի քննարկմանը, որը վերաբերում է գազաէներգետիկ համակարգի խնդիրներին, «Ելք»-ի պատգամավոր Էդմոն Մարուքյանն անդրադարձավ ավելի վաղ հնչեցված հարցին, թե ինչու է ՀՀ կառավարությունն անվճար տրամադրում մեր խողովակաշարը Գազպրոմին. «Որովհետև հստակ է, վարչապետը Գազպրոմի նախկին աշխատող է, շահերի բախում կա, բա ի՞նչ պետք է աներ»,-ասաց նա:
Կառավարության այն պնդումը, թե իրանական գազն ավելի էժան չէ, քան ռուսականը և որ չկա գազի ավելի էժան առաջարակ, Էդմոն Մարուքյանի համար համոզիչ չէ: «Ես էլ ասում եմ՝ չենք հավատում կառավարության նման հայտարարություններին, որովհետև այստեղ շահերի խնդիր կա և այն համակարգը, որը ձևավորված է ՀՀ-ում, մարդիկ թույլ չեն տալիս քանդվի, փոփոխվի»,-ասաց նա:
Էդմոն Մարուքյանը հայտարարեց, թե համակարգի մեջ կա «լևի գազի» պատմությունը, որով մարդիկ միլիոնատերեր են դարձել: Ըստ նրա՝ կորուստները ներառվել են սակագների մեջ, և քաղաքացիներն են վճարել:
«Սա համարում եմ ոչ թե մասնագիտական, որ թիվը հիմնավոր լինի, սա քաղաքական հարց է, և այս քաղաքական հարցն անընդհատ այս խորհրդարանում քննարկվել է: Մարդիկ միլիոնատեր, միլիարդատեր են դարձել այս համակարգով, նայեք մարդկանց կարողությանը, հետո ասում են՝ գաղտնիք է աշխատավարձը: Խոսում են պետական համակարգի կոռուպցիայի մասին, որը ծիծաղելի է այս համակարգի կոռուպցիայի հետ համեմատած, հումոր է ուղղակի»,-եզրափակեց նա: