ՀԱԷԿ 2-րդ բլոկի արդիականացման ծրագրով միջուկային էներգիայի արտադրությունը կավելանա մոտ 10%-ով. ԱԺ-ում քննարկվում է ՀՀ էներգետիկ համակարգի վիճակը (ուղիղ)
ԱԺ օրակարգում է «Ելք» խմբակցության՝ ՀՀ էներգետիկ համակարգի վիճակի ախտորոշման մասին հարցապնդման պատասխանը քննարկելու մասին հարցը։
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը նշեց, թե հարցապնդումը բավական ծավալուն էր, և իրենք արել են հնարավորը համապարփակ տեղեկություն ներկայացնելու համար:
Մանուկյանը նշեց, որ հիմնական առանցքը «Գազպրոմ Արմենիայի» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի գործունեությունն է և պահանջում է տեղեկատվություն երկու իրավաբանական անձանց վերջին 10 տարիների ֆինանսական գործունեության և արտադրական ծավալների մասին:
Նախարարն ասաց, որ ներկայացվել են «Գազպրոմ Արմենիա» ընկերության կողմից գնված բնական գազի ծավալները, մուտք գործած բնական գազի ծավալները, բնական գազի տեխնոլոգիական, նորմատիվային, նաև սեփական կարիքները: Նա հավելեց, որ ներկայացված են նաև ֆինանսական տվյալներ։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի մասով գրեթե նույնությամբ տրված են բոլոր հարցերի պատասխանները, հնարավորինս բերված են բոլոր ցուցանիշները:
Փաշինյանը նշեց, որ իրենց խնդիրը ոչ թե թվեր, այլ կոնկրետ գնահատական ստանալն է, հատկապես որ 2 տարի առաջ հայտարարվել էր, թե էներգետիկ համակարգը փլուզման առաջ է: Նա խնդրեց նախարարին համակարգի վիճակի ընդհանուր գնահատականը տալ:
Նախարար Մանուկյանը նշեց, թե 2 նախադասությամբ գնահատական տալը դժվար կլինի, բայց ներկայացրեց իրավիճակը:
«Ներքին սպառման կառուցվածքում 3 արտադրական հզորությունները հավասարաչափ բաշխված են՝ միջուկային էներգիայի մասնաբաժինը գրեթե 33% է, ունենք սեփական վերականգնվող աղբյուրներից՝ այս պահին հիդրոաղբյուրների մասնաբաժինը մոտ 33% է, գազայինը ևս 33% է: Մենք իրականացնում ենք մեր երկրի համար աննախադեպ՝ Հայկական ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի ծառայության ժամկետի երկարաձգման և արդիականացման ծրագիր, որով միջուկային էներգիայի արտադրությունը կավելանա մոտ 10%-ով: 20-21թթ-ին միջուկային էներգիայի մասնաբաժինը ներքին կառուցվածքում կդառնա 40-41%»,-ասաց նա: