Իրավունքի անգլոսաքսոնական համակարգը լրացվում է հետաքրքիր նախադեպերով. Լավրովը Լոնդոնին մեղադրել է «Սկրիպալի գործով» վաղաժամ եզրակացություններ անելու համար
Մեծ Բրիտանիան եզրակացություններ է անում ռուսական հետախուզության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման գործով մինչ հետաքննության ավարտը, իրավունքի անգլոսաքսոնական համակարգը լրացվում է հետաքրքիր նախադեպերով: Այդ մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ուշադրություն դարձրեք, որ այդ ամենն արվում է մի ժամանակահատվածում, երբ հետաքննությունն ավարտված չէ և, Սքոթլանդ Յարդի մասնագետների համաձայն, կտևի ամիսներ, երբ դեռ դատ չի կայացել, երբ չկա ոչ մի դատավճիռ: Այնպես որ իրավունքի անգլոսաքսոնական համակարգը լրացվում է նոր և շատ հետաքրքիր նախադեպերով»,- հայտարարել է Լավրովը Ճապոնիայի արտգործնախարար Տարո Կոնոյի հետ բանակցությունների արդյունքներով:
Լավրովը նաև նշել է, որ Ռուսաստանը հարցեր ունի Մեծ Բրիտանիային:
«Մեր մոտ առաջացող հարցերը բացարձակ մասնագիտական են, հասկանալի, չափազանց կոռեկտ, դրանցում չկա լիրիկա, որով ուղեկցվում է բրիտանական կառավարության դիրքորոշումը, որը պնդում է, որ կա միայն երկու տարբերակ՝ կամ դա արվել է ռուսական ղեկավարության հրամանով, կամ ռուսական ղեկավարությունը կորցրել է ինչ-որ քիմիական նյութերի նկատմամբ վերահսկողությունը: Մենք դրանք ոչնչացրել ենք, ինչը հաստատել է Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը, անցած տարվա աշնանը»,- նշել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը:
Լավրովը նաև հայտարարել է, որ բոլորին օգուտ կտար, եթե Մեծ Բրիտանիան դադարեցներ նյարդայնանալ և հանգստանար:
Մարտի 12-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել էր, որ ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի թունավորմանը «մեծ հավանականությամբ» ներգրավված է Ռուսաստանը: Օրեր անց նա հայտարարել է 23 ռուս դիվանագետի արտաքսելու մասին՝ թունավորման գործի առնչությամբ: Նա հայտարարել է նաև Ռուսաստանի հետ բարձր մակարդակով կնքված պայմանագրերի չեղարկման մասին: Բացի այդ, չեղարկվել է Մեծ Բրիտանիա այցելելու համար Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին ուղարկված հրավերը: Մեյը նաև հայտնել է, որ բրիտանացի նախարարները և բարձրաստիճան պաշտոնյաները չեն այցելի Ռուսաստանում կայանալիք Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը:
Հիշեցնենք, որ 66-ամյա ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալը և նրա դուստրը մարտի 4-ին նյարդապարալիտիկ գազի ազդեցության են ենթարկվել անգլիական Սոլսբերի քաղաքի առևտրի կենտրոններից մեկում և անգիտակից վիճակում տեղափոխվել հիվանդանոց։ Նրանք գտնվում են հիվանդանոցում ծայրահեղ ծանր վիճակում: