ՕԵԿ-ից դուրս չեմ եկել, շարունակում եմ բուժումս, իսկ «Հայասի» ընկերությանը նոր տնօրեն է պետք. Հովհաննես Մարգարյան
«Օրինաց երկիր» կուսակցության վարչության անդամ Հովհաննես Մարգարյանը Tert.am-ի հետ զրույցում սուտ համարեց այն տեղեկատվությունը, ըստ որի ինքը հեռացվել է կուսակցությունից: «Այդպիսի բան չկա, ես պարզապես շարունակում եմ իմ բուժման ընթացքը, երեք ամիս դեռ իմ առողջությանը պետք է հետևեմ, զբաղվեմ բուժմամբ»,-ասաց նա:
Նշենք, որ «Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ «Օրինաց երկիր» կուսակցությունից հեռացվել է կուսակցության վարչության անդամ Հովհաննես Մարգարյանը: Վերջինս ՕԵԿ նախագահին պատկանող «Հայասի» ընկերության տնօրենն էր, և տնօրենի պաշտոնից հեռացվելուց հետո հեռացվել է նաև կուսակցությունից:
Ինչ վերաբերում է ՕԵԿ նախագահին պատկանող «Հայասի» ընկերության տնօրենի պաշտոնից հեռացվելուն, նա նշեց.«Շուրջ երկու ամիս է աշխատանքի դուրս չեմ եկել, իսկ գործարանը պետք է շարունակի իր բնականոն գործունեությունը: Առաջիկայում պետք է նոր տնօրեն նշանակվի, քանի որ ես շարունակելու եմ իմ բուժումը: Մենք արդեն դիմել ենք, որ տնօրենը փոխվի»,-ասաց նա:
Խոսելով իր և Արթուր Բաղդասարյանի հարաբերություններից` Հովհաննես Մարգարյանն ասաց, որ ամեն ինչ նորմալ է: «Արթուր Բաղդասարյանի հետ պայքարել եմ հանուն մեր ժողովրդի, նա իմ լավ ընկերն է, հարազատն է, բարեկամը: Դա ստահոդ տեղեկատվություն է: Ժողովրդական խոսք կա, գյումրեցին լավ է ասում` եզը վերցնում, տակը հորթ են ման գալիս»,-ասաց նա:
Հովհաննես Մարգարյանը հիշեցրեց նաև, որ վատառողջ լինելու պատճառով էլ «Օրինաց երկիր» կուսակցության համագումարին չի կարողացել մասնակցել, ինչի մասին նաև հայտարարվել է համագումարում: «Առողջական խնդիրներս լուծելուց հետո շարունակելու եմ մասնակցել բոլոր ծրագրերին, ակտիվ քաղաքականություն կվերադառնամ»,-ասաց նա: