2018թ. փետրվարին 2017թ. փետրվարի համեմատ գրանցվել է 3.3 % գնաճ. ԱՎԾ
2018 թ.-ի փետրվարին 2017 թ.-ի փետրվարի համեմատ ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7.3 տոկոսով, իսկ 2018 հունվարի նկատմամբ արձանագրվել է 7.2 % աճ:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած հիմնական մակրոտնտեսական ցուցանիշներից:
Առանձին տնտեսության ճյուղերով վերցրած պատկերը փետրվարին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, հետևյալն է.
Արդյունաբերական արտադրանքի ծավալը փետրվարին կազմել է 126 մլն 448.9 հազ. դրամ՝ գրանցելով 3.3 տոկոս աճ: Գյուղատնտեսության արտադրանքի ծավալն աճել է ընդամենը 0.2%-ով և կազմել է 27 մլն 796.4 հազ. դրամ:
Շինարարության ծավալը փետրվարին կազմել է 12 մլն 309 հազ. դրամ՝ նախորդ տարվա փետրվարի համեմատ գրանցելով 25.1 տոկոս աճ: Իսկ առևտրի շրջանառությունը կազմել է 201 մլն 699 հազ. դրամ, կրկին երկնիշ՝ 17.6 % աճ արձանագրելով:
Արտաքին առևտրաշրջանառությունը 2018թ.-ի փետրվարին 2017թ.-ի փետրվարի նկատմամբ աճել է 39.4 տոկոսով, իսկ 2018 թ.-ի հունվարի համեմատ գրանցվել է 17.2 % աճ: Այս տարվա փետրվարին արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 592.8 մլն դոլար կամ 285.4 մլրդ դրամ: Առանձին արտահանումը կազմել է 210.2 մլն դոլար, իսկ ներկրումը գրեթե կրկնակի ավելի՝ 382.6 մլն դոլար: Արտահանման և ներմուծման մասով համապատասխանաբար արձանագրվել է 37.7 % և 40.4 % աճ:
Սպառողական գները փետրվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 3.3 տոկոսով, իսկ հունվարի նկատմամբ գրանցվել է գնանկում՝ 0.5 տոկոսով: