Հրայր Թովմասյանն ընտրվեց ՍԴ նախագահ. կողմ է քվեարկել 64 պատգամավոր, դեմ` 27
Սահմանադրական դատարանի նախագահ ընտրվեց ՍԴ անդամների կազմից առաջադրված Հրայր Թովմասյանը:
Խորհրդարանում, ամփոփելով ընտրության արդյունքները, ՀՀ ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը հայտարարեց, որ քվեարկությանը 105 պատգամավորից մասնակցել է 94-ը, անվավեր է ճանաչվել 2 քվեաթերթիկ, 64 պատգամավոր կողմ է քվեարկել, 27–ը` դեմ։
Հրայր Թովմասյանն ԱԺ ամբիոնից շնորհակալություն հայտնեց վստահության համար, նաև ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին՝ իր թեկնածությունն առաջադրելու համար: «Ինչպես հնչեց, լավ ՍԴ նախագահ, թե ՍԴ լավ նախագահ, խոստանում եմ, երկուսն էլ կլինեմ»,-ասաց նա:
Թովմասյանն ասաց, որ երեկ դարձյալ նայել է Շահամիր և Հակոբ Շահամիրյանների «Որոգայթ Փառացը» և առաձնացրել է մի տող, որն, ըստ նրա, արդիական է և կարող է պատգամ լինել յուրանքաչյուրի համար:
«Այն ժամանակ, երբ հայ ազգն ապրել է արդարությամբ և օրինականությամբ, կարգուկանոնով, եղել է ազատ ու երջանիկ: Այս խոսքերն իրենց արդիականությունը պահպանում են նաև այսօր»,-ասաց ՍԴ նորընտիր նախագահը:
Հիշեցնենք, որ ԱԺ նախագահի ստորագրած արձանագրության համաձայն՝ մարտի 8-ից դադարեցվել են Գագիկ Հարությունյանի լիազորությունները Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում։ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում առաջադրել էր Հրայր Թովմասյանի թեկնածությունը:
Նշենք, որ Սահմանադրական դատարանը բաղկացած է 9 անդամից: Դատարանի անդամները պաշտոնավարում են մինչև 70 տարին լրանալը, 2005 թվականի փոփոխություններով նրանք պաշտոնավարում են մինչև 65 տարին լրանալը: Օրենքով, եթե որևէ դատավորի պաշտոնավարման ժամկետը լրացել է, սակայն նա իր վարույթում ունի որևէ գործ, ապա նրա պաշտոնավարման ժամկետը կարող է երկարացվել, բայց ոչ ավելի, քան 6 ամիս:
Նշենք, որ Հրայր Թովմասյանը եղել է Արդարադատության նախարար, ապա նախագահել ԱԺ Պետաիրավական հանձնաժողովը: