ՀՔԾ-ը քննում է Գրիշա Վիրաբյանի դիմումն ընդդեմ Գևորգ Կոստանյանի և Արտակ Զեյնալյանի
Հայաստանի ժողովրդական կուսակցության համակիր Գրիշա Վիրաբյանը հայտարարել էր, որ ԱԺ պատգամավոր Գևորգ Կոստանյանը և փաստաբան Արտակ Զեյնալյանն իրեն կաշառք են առաջարկել, որն ինքը մերժել է, և որի վերաբերյալ դիմում է ներկայացրել ՀՀ Քննչական կոմիտե, որտեղից էլ դիմումն ուղարկվել է ՀՔԾ:
Tert.am-ը Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանից տեղեկացավ, որ դիմումը ՀՔԾ-ն ստացել է. «Գրիշա Վիրաբյանի դիմումը ստացվել է, կատարվում է քննություն»:
Նշենք, որ ըստ Վիրաբյանի հայտարարության՝ դեռևս 2004 թվականին իրեն խոշտանգելու փաստը Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հաստատված է համարել և պարտավորեցրել է ՀՀ իրավապահ մարմիններին քրեական գործ հարուցել և մեղավորներին պատասխանատվության ենթարկել, սակայն հարուցված քրեական գործերը կարճվել են: