«Ռոսպոտրեբնադզորը» ստուգումներ կանցկացնի թուրքական առողջարաններում
«Ռոսպոտրեբնադզորի» մասնագետները կգնահատեն Թուրքիայում տիրող համաճարակաբանական իրավիճակը: Այս մասին հայտնում է Известия-ն՝ վկայակոչելով գերատեսչության մամլո հաղորդագրությունը:
Փետրվարի 20-ին «Ռոսպոտրեբնադզորը» հանդիպում է անցկացրել Թուրքիայի առողջապահության նախարարության ներկայացուցիչների հետ, որի ժամանակ քննարկվել են գալիք զբոսաշրջային սեզոնին վերաբերող հարցեր:
Թուրքական կողմը հայտնել է միջոցառումների մասին, որոնք իրականացնում են երկրի տարածքում Զիկա տենդի և սիբիրախտի հետ կապված համաճարակաբանական իրավիճակի բարդացումը կանխելու նպատակով:
Բացի այդ, ռուսական գերատեսչության մասնագետների խումբը կայցելի Թուրքիա նախքան զանգվածային զբոսաշրջային սեզոնի մեկնարկը, որպեսզի համոզվի առողջարաններում վիրուսային հիվանդություններով վարակվելու վտանգի նվազման հարցում:
Հունվարի վերջին «Ռոսպոտրեբնադզորը» ռուս զբոսաշրջիկներին նախազգուշացրել էր Թուրքիայի մի շարք ափամերձ նահանգներում Զիկա վիրուսի հարուցիչ հանդիսացող մոծակներ հայտնաբերելու մասին: