Սոցիալական, բժշկական օգնություն, բնակարանով ապահովելու պետական աջակցություն. ԱԺ հանձնաժողովում ներկայացվեց «Բազմազավակ ընտանիքների մասին» նախագիծը
Ազգային ժողովի Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկման ներկայացվեց Կառավարության կողմից ներկայացված «Բազմազավակ ընտանիքների մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:
Հիմնական զեկուցող, Առողջապահության և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշեց, թե նախագիծը բխում է Սահմանադրության համապատասխան հոդվածներից, նաև Կառավարության գործունեության ծրագրում է ներառված:
«Նախագծով կարգավորվում են ՀՀ-ում բազմազավակ ընտանիքներին աջակցության տրամադրման հետ կապված հարաբերությունները, կարգավիճակը և ՀՀ-ում բազմազավակ ընտանիքներին տրամադրվող աջակցության նպատակը, տեսակներն ու ֆինանսավորման աղբյուրները»,- ասաց նա:
Նախարարը նշեց, որ տրամադրվող աջակցության հիմնական տեսակներն են՝ սոցիալական աջակցություն, բժշկական օգնություն և սպասարկում, բնակարանով ապահովող պետական աջակցություն, կենցաղային ապրանքների ձեռքբերման համար վարկի երկարաժամկետ տրամադրում կամ տոկոսների սուբսիդավորում, ինքնազբաղվածության ապահովում, երեխաների կրթական աջակցում: