Թենիսիստուհի Անի Ամիրաղյանը վազքի մրցման կմասնակցի Խորվաթիայում
Հայաստանի առաջատար թենիսիստուհի Անի Ամիրաղյանն ապրիլի 7-ին վազքի մրցման կմասնակցի Իստրիայում (Խորվաթիա):
«100 Miles of Istria» կոչվող մրցաշարը, որին մասնակցում են ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ սիրողական վազորդներ, ունի 4 մակարդակ` 41,1 կմ, 66,8 կմ, 109,7 կմ և 169,5 կմ:
«ArmSport.am»-ի հետ զրույցում Անին նշում է որ ինքը մասնակցելու է 41,1 կմ մրցավազքին.
«Երրորդ անգամ կմասնակցեմ վազքի մրցման: Նախկինում երկու անգամ մասնակցել եմ Երևանի կիսամարաթոնին, բայց այս մեկը 41 կմ է և սարերով»,- պատմում է Անին և շարունակում.
«Մրցմանը կմասնակցեմ ամուսնուս հետ, ով վազորդ է ու «Istria100»-ին մասնակցելու փորձ արդեն ունի: Այս անգամ նա 67 կմ կվազի: Ծրագիր ունեմ, որով ես ու ամուսինս ամեն օր մարզվում ենք: Ամեն առավոտ վազում ենք Բուսաբանական այգում, իսկ կիրակի օրերին` քաղաքով մեկ»:
Անիի խոսքով ինքը վազքը համատեղում է թենիսի մարզումների հետ, իսկ ապրիլի 16-21-ը Թունիսում հավաքականի հետ կմասնակցի Ֆեդերացիայի Գավաթին (FedCup):