Մադրիդի «Ռեալի» նիգերիացի սանը կխաղա «Ալաշկերտում»
«Ալաշկերտը» հերթական նշանակալի ձեռքբերումն է կատարել ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում` ուժեղացնելով հարձակման գիծը:
«Ալաշկերտ» է տեղափոխվել սլովենական «Մարիբորի» 29-ամյա նիգերիացի հարձակվող Սանի Օմորեջին, հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը:
Համաձայնագիրը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը:
Ֆուտբոլային առաջին քայլերը Օմորեջին կատարել է Իսպանիայում: 2003-ին «Նումանսիայում» մեկ տարի անցկացնելուց հետո նիգերիացին տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ», որի ակադեմիայում անցկացրել է հաջորդ երկու տարիները:
Այնուհետև Սանին մեկ տարի անցկացրել է «Էսպանյոլի» համակարգում:
Իսկ «Մերիդայի» կազմում մեկ մրցաշրջանի ընթացքում 20 գոլ խփելուց հետո Օմորեջին տեղափոխվել է սլովենական «Ցելյե»:
«Ցելյեի» կազմում արագավազ նիգերիացին 21 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ է դարձել 2 մրցաշրջաններում, ինչից հետո տեղափոխվել է Սլովենիայի առաջատար ակումբ` «Մարիբոր»:
«Մարիբորի» կազմում անցկացրած 19 խաղերում Սանին դարձել է 5 գոլի հեղինակ: Վերջին շրջանում նա վարձավճարով հանդես էր գալիս Իսրայելի «Հապոել» (Քֆար Սաբա) թիմում:
Սանի Օմորեջին արդեն միացել է «Ալաշկերտին» Բելեկում ընթացող ուսումնամարզական հավաքի ընթացքում: