Թուրքիայում ոստիկանները ծխախոտի անօրինական վաճառքով զբաղվելու համար 4 ավանակի են «ձերբակալել»
Թուրքիայի Շըրնաք նահանգի Ուլուդերե շրջանում ոստիկանները «ձերբակալել» են 4 ավանակի՝ ծխախոտի անօրինական վաճառքով զբաղվելու համար, գրում է թուրքական demokrathaber.org կայքը:
Կենդանիների տերերը նրանց վրա բարձած թութուն են տեղափոխելիս եղել, երբ ոստիկանները հայտնաբերել են կենդանիներին ու առգրավել ապրանքը: Գյուղացիների ավանակները նույնպես առգրավվել ու տարվել են ոստիկանական բաժանմումք:
Երբ ավելի ուշ կենդանիների տերերը գնացել են բաժանմունք՝ պահանջելով իրենց ավանակներին, նրանց հայտնել են, որ «կենդանիները ձերբակալված են և պետք է ցուցմունք տան»:
Դեպքի առիթով Թուրքիայի քրդամետ ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի՝ Շըրնաքից ընտրված պատգամավոր Այքան Իրմեզը գրավոր հարցում է հղել երկրի ներքին գործերի նախարարին՝ պահանջելով պատասխանել, թե ինչ հիմունքներով են «ձերբակալվում» կենդանիներն ու արդյոք ոստիկանությանն ի վերջո հաջողվել է ավանակներից ցուցմունք վերցնել: