Մարտի 1–ը իմ ամոթը չէ, ձեր ամոթն է. Նիկոլ Փաշինյանը՝ «Մարտի 1-2–ի իրադարձությունների վերաբերյալ» նախագծի քննարկմանը
ԱԺ «Ելք» խմբակցության կողմից հեղինակված «2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ» նախագծի քննարկմանը ՀՀԿ պատգամավոր, նախկին Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հղում անելով հայտարարության 4-րդ կետին, հիմնական զեկուցող Նիկոլ Փաշինյանին տեղեկացրեց, թե նման դատական ակտերը վերաբացելու հստակ չափանիշներ ու հիմքեր կան: «Արդյոք գտնում եք, որ առկա են իրավական հիմքեր, որ գործերը վերաբացվեն, եթե այո, այդ դեպքում ինչո՞ւ որևէ մեկը չի գնում իրավական գործընթացի շրջանակներում, այլ դուք, որպես ընդդիմադիր գործիչ, առաջարկում եք հայտարարությամբ հանդես գալ»,-հարցրեց նա:
Նշենք, որ 4-րդ կետով նշվում է. «Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությանը կոչ է անում Մարտի 1, 2-ի գործով կալանավորված, դատապարտված ընդդիմադիր քաղաքական գործիչների, ակտիվիստների մեղադրական դատավճիռները վերանայելու գործընթաց սկսել»:
Փաշինյանը նշեց, թե 4-րդ կետով արտահայտում են իրենց հստակ քաղաքական դիրքորոշումը: «Այո, եթե լինի համապատասխան քաղաքական կամք, նույնիսկ միայն իրավական կամքի դեպքում կարելի է ավելին անել: Այս առաջարկը ժեստ է ՀՀ-ին, էս բոլոր գործերը գնալու են ՄԻԵԴ, և ամբողջ ՀՀ –ով գոռալու ենք՝ «վայ նանի ջան, էս ինչ եղավ, բա հիմա էդ փողերը ո՞վ է տալու, ո՞ր դատավորին բռնենք պատժենք, խառակիրի անենք»,-ասաց նա և փորձեց «սոխի մասին» անեկտոդ պատմել, ինչը հանձնաժողովների անդամների դժգոհության առիթը տվեց:
Նիստը վարող հանձնաժողովի փոխնախագահ Ռուստամ Մախմուդյանը փորձեց կանխել նրան՝ հորդորելով խոսել ըստ էության։ Չնայած դրան՝ Փաշինյանը շարունակեց պատմել անեկդոտը, իսկ ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանը հեռացավ նիստերի սենյակից։
Փաշինյանի խոսքի ավարտից հետո Կոստանյանը վերադարձավ, բացատրելով, թե ինչու չլսեց նրա խոսքը: «Ես իրականում ինչի դուրս եկա, որովհետև այս լրջագույն հարցը, որ մենք քննարկում ենք, իսկ մարտի 1-ի հարցը լրջագույն հարց է մեր երկրի պատմության ընթացքում և ամոթալի էջերից մեկն է, ամոթն է բոլորիս ու այս հարցի քննարկումը անեկդոտ պատմելով զուգորդելը, ինձ համար, անկեղծ ասած, մի քիչ անընդունելի է։ Դրա համար դուրս եկա, անկեղծ ասած, խնդրում եմ անարգանք չդիտարկել»,-ասաց նա։
Նիկոլ Փաշինյանը, հակադարձեց՝ հիշեցնելով, որ Մարտի մեկի գործով դատապարվել է 7 տարվա ազտազրկման և իր կարծիքով՝ մարտի 1-ն իր ամոթը չէ. «Պարո՛ն Կոստանյան, մարտի 1-ի գործով ես դատապարտվել եմ 7 տարվա ազատազրկման և, անկեղծ ասած, ես ինքս, որպես 7 տարի ազատազրկման դատապարտված անձ, մարտի 1-ի համար ամաչելու ոչ մի բան չունեմ։ Մարտի 1-ը իմ ամոթը չի, մարտի 1-ը ձեր ամոթն է»։
Անդրադառնալով իր՝ անեկդոտ պատմելուն՝ Փաշինյանն ասաց, որ իր պատմած անեկդոտը վերաբերում էր ոչ թե Մարտի մեկի զոհերի ամսին, այլ ՀՀ ներկայիս վիճակին, երբ երկիրը տուժում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների հետևանքով։