Ստամբուլում դեպի օդանավակայան տանող ճանապարհը երկարացրած տաքսու վարորդին սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում
Ստամբուլում զբոսաշրջիկ տեղափոխած և օդանավակայանի ճանապարհը երկարացրած տաքսու վարորդին սպառնում է 3-ից մինչև 10 տարվա ազատազրկում, այս մասին գրում է թուրքական «Բիրգյուն» պարբերականը:
Արաբ զբոսաշրջիկին Ստամբուլի Քադըքյոյ շրջանից դեպի Սաբիհա Գյոքչենի անվան միջազգային օդանավակայան տարած վարորդն օգտվել է օտարերկրացու՝ ճանապարհը լավ չիմանալու փաստից ու դիտավորյալ երկարացրել ճանապարհը:
Զբոսաշրջիկն այդ պատճառով ուշացել է իր չվերթից, ինչից հետո որոշել է դատի տալ վարորդին: Ստամբուլի «Անադոլու» հանրապետական դատախազությունը մեղադրանք է առաջադրել վարորդին՝ «խարդախության» հոդվածով:
Մեղադրյալի փաստաբանները, սակայն, նշել են, որ տաքսու վարորդը չի իմացել նոր՝ կամրջով անցնող կարճ ճանապարհի մասին և պահանջել է արդարացնել իր պաշտպանյալին: