Անկարայի և Դամասկոսի միջև ուղիղ երկխոսության մասին այժմ խոսք չկա. Էրդողանի խոսնակ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընը, պատասխանելով ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովի այն հայտարարությանը, թե Ռուսաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է միջնորդի դեր ստանձնել սիրիական Աֆրինում իրավիճակի կարգավորման համար, հայտարարել է, որ Դամասկոսի և Անկարայի միջև երկխոսության մասին ներկայում խոսք լինել չի կարող:
Ինչպես գրում է թուրքական «Բիրգյուն» պարբերականը, Քալընը նշել է, որ Աստանայում սիրիական հիմնախնդրի շուրջ բանակցությունների շրջանակում որպես անվտանգության երաշխավոր երկրներ՝ Թուրքիան, Իրանն ու Ռուսաստանը մշակված առանձին մեխանիզմ ունեն և դրա հետ կապված հարցերն Անկարայի կողմից երբեմն անուղղակիորեն փոխանցվել են Դամասկոսին՝ Իրանի կամ ՌԴ-ի միջոցով:
«Սակայն ուղիղ շփման մասին այժմ խոսք չկա», - ասել է թուրք պաշտոնյան:
Հիշեցնենք, որ հունվարի 20-ին թուրքական ԶՈւ-ն սկսել է Սիրիայի հյուսիսում գտնվող քրդական ազգային զինված ջոկատների (PYD/YPG) դեմ ռազմական գործողությունը, որը ստացել է «Ձիթենու ճյուղ» անվանումը: Օդային առաջին հարձակումներից հետո, հունվարի 21-ին թուրքական ԶՈւ-ի զինվորականներն անցել են լայնամասշտաբ հարձակման նաև ցամաքում: Հայտնի է, որ թուրքական ԶՈւ-ին աջակցում է «Սիրիական ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումը՝ ինչպես 2016թ.-ին ձեռնարկված «Եփրատի վահան» գործողության ժամանակ: