«Կարելի է ասել՝ ես մեռնում էի». Սերենա Ուիլյամսը պատմել է հետծննդաբերական բարդությունների մասին
Աշխարհի լավագույն թենիսիստուհիներից մեկը համարվող Սերենա Ուիլյամսը CNN-ի կայքի համար գրած սյունակում պատմել է հետծննդաբերական բարդ հետևանքների մասին:
Պարզվում է, որ հեմատոմայի և թրոմբոէմբոլիայի պատճառով մայրության առաջին 6 շաբաթն Ուիլյամսը ստիպված է եղել անցկացնել անկողնուն գամված:
«Կարելի է ասել՝ ես մեռնում էի դստերս՝ Օլիմպիային, լույս աշխարհ բերելուց հետո: Ամեն դեպքում, կարծում եմ, ես հաջողակ եմ»,-գրել է Ուիլյամսը:
Մարզուհին մանրամասնել է, որ հղիության ընթացքը շատ թեթև է եղել, սակայն ծննդաբերությունը տեղի է ունեցել կեսարյան հատման միջոցով, քանի որ ծննդաբերական ցավերի ժամանակ պտղի սրտխփոցի հաճախականությունը կտրուկ նվազել է:
Ծննդաբերությունից մեկ օր անց Ուիլյամսի մոտ թոքային զարկերակի թրոմբոէմբոլիա է ախտորոշվել: Հաճախակի հազի պատճառով բացվել է կեսարյան հատումից հետո մնացած վերքը: Դրա հետևանքով թենիսիստուհուն վերադարձրել են վիրահատարան, որտեղ բժիշկները նրա որովայնի խոռոչում հեմատոմա են հայտնաբերել:
«Եթե չլիներ բժիշկների պրոֆեսիոնալիզմը, ես այսօր այստեղ չէի լինի»,-գրել է Ուիլյամսը:
Հիշեցնենք, որ թենիսիստուհու ու Reddit ընկերության հիմնադիր-ղեկավար Ալեքսիս Օհանյանի առաջնեկը ծնվել է 2007թ. սեպտեմբերի 1-ին: