Բարձրագույն կրթության մասին օրենքի մշակման ժամանակ քաղաքական կամքի իսպառ բացակայություն է եղել. Միքայել Մելքումյան (ուղիղ միացում ԱԺ–ից)
Բարձրագույն կրթության մասին օրենքի շուրջ քաղաքական հիմնական ուժերի ու հասարակության միջև կոնսենսուս պետք է լինի:
ԱԺ-ում օրենքին նվիրված խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց խորհրդարանի փոխնախագահ Միքայել Մելքումյանը:
«Եթե այս օրենքը ԱԺ-ի մի մասն է պաշտպանելու, ապա ես այն կհամարեմ ժամանակավրեպ: Այն բարի նպատակները, որոնք դրված էին սկզբում, տորպեդահարվում են, նահանջ են ապրում: Քաղաքական կամքի իսպառ բացակայություն է եղել օրենքի մշակման ժամանակ»,- շեշտեց Մելքումյանը:
ԱԺ փոխնախագահն ասաց, որ կրթական համակարգում փլուզում է տեղի ունենում, որն այս օրենքի միջոցով փորձում են «ձևակերպել որպես ռեֆորմ».
«Ա՛յ ախպեր ջան, դա ինքն իրեն քանդվում է, դու ուզում ես ձևակերպես որպես ռեֆորմ, որ փլատակների տակ մարդ չմնա»:
Մելքումյանը հորդորեց նաև վաստակաշատ մարդկանց չհակադրել երիտասարդների հետ: «Մարդը «շկոլա» է ստեղծել, դուք ասում եք 70 տարեկանը լրանա, գնացե՛ք, երիտասարդ է գալիս: Դա ճիշտ լուծում չէ, գտե՛ք ճիշտ լուծումը»,- նշեց Միքայել Մելքումյանը:
Խորհրդարանի փոխնախագահը նշեց, որ իրենք դեմ չեն բուհերում երիտասարդների ակտիվ աշխատանքին:
«Սա համատիրության մասին օրենք չէ, բարձրագույն կրթության մասին օրենք է, ազգի ապագան կախված է սրանից, բոլոր հարցերը պետք է ներգրավված լինեն»,- շեշտեց Մելքումյանը: