Քրդական ուժերը հայտնել են Սիրիայի ազգային ուժերի՝ Աֆրին մտնելու մասին. «ՌԻԱ Նովոստի»
Սիրիայի հյուսիսում գտնվող քրդական ազգային զինված ջոկատների պաշտոնական ներկայացուցիչ Ռեյզան Խեդուն ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալությանն ասել է Սիրիայի ազգային ուժերի՝ հաջողությամբ Աֆրին մտնելու մասին:
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, մեկնաբանելով մամուլում հայտնված տեղեկությունը, ըստ որի՝ սիրիական բանակը նախօրեին մուտք է գործել սիրիական Աֆրին, հայտարարել էր, որ խոսքն Ասադի ռեժիմի կողմնակից շիա խմբավորումներից մեկի մի քանի անդամների մասին է, որոնք, սակայն, հետ են շպրտվել թուրքական ԶՈւ-ի գնդակոծության արդյունքում:
«Էրդողանն այսօր նման էր վատ ճանապարհային ոստիկանի՝ հայտնելով, թե կանգնեցրել է Աֆրին շարժվող սիրիական ուժերին: Այդ հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը, սիրիական ուժերն արդեն այստեղ են», - ասել է քուրդ գործիչը:
Խեդուն նաև նշել է, որ սիրիական ուժերի մոտենալը լուսաբանող բազմաթիվ լրագրողներ հայտնվել են թուրքական ԶՈւ-ի գնդակոծության տակ՝ Աֆրինի մուտքի մոտ:
Նա նաև անհաջող է անվանել «Ձիթենու ճյուղ» գործողությունը՝ չնայած որոշ դիրքերում թուրքական ԶՈւ-ի առաջխաղացմանը:
Հիշեցնենք, որ հունվարի 20-ին թուրքական ԶՈւ-ն սկսել է Սիրիայի հյուսիսում գտնվող քրդական ազգային զինված ջոկատների (PYD/YPG) դեմ ռազմական գործողությունը, որը ստացել է «Ձիթենու ճյուղ» անվանումը: Օդային առաջին հարձակումներից հետո, հունվարի 21-ին թուրքական ԶՈւ-ի զինվորականներն անցել են լայնամասշտաբ հարձակման նաև ցամաքում: Հայտնի է, որ թուրքական ԶՈւ-ին աջակցում է «Սիրիական ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումը՝ ինչպես 2016թ.-ին ձեռնարկված «Եփրատի վահան» գործողության ժամանակ: