Այսօր նախատեսված բողոքի ցույցը չի կայացել` անձամբ փոխդեկան Գևորգ Բարսեղյանի խնդրանքով. ակցիայի կազմակերպիչ
Ի պաշտպանություն ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի փոխդեկան Գևորգ Բարսեղյանի՝ ԵՊՀ գլխավոր մասնաշենքի մոտ այսօր պետք է բողոքի ցույց տեղի ունենար, որը, սակայն, չի կայացել: Tert.am-ի հետ զրույցում ցույցի կազմակերպիչներից մեկը՝ ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանողուհի Հասմիկ Սարգսյանը, ասաց, որ բողոքի ցույցը չի կայացել անձամբ Գևորգ Բարսեղյանի խնդրանքով:
«Հիմա մենք ուղղակի ընկեր Բարսեղյանի խնդրանքով դադարեցնում ենք ցույցը, բայց եթե հանկարծ նրա դեմ որևէ բան լինի, մենք նորից սատար ենք կանգնելու Բարսեղյանին»,-ասաց ուսանողուհին` հավելելով, որ երեկ կայացել է բողոքի ցույց տարբեր ֆակուլտետների ուսանողների մասնակցությամբ:
Tert.am-ի ճշտող հարցին, թե արդյոք փոխդեկանի՝ պաշտոնից ազատման մասին խոսակցություն կա, և դա՞ է պատճառը բողոքի ակցիայի, Հասմիկ Սարգսյանը պատասխանեց, որ այդ բոլոր լուրերին տեղյակ են մամուլից: Նա ասաց, որ ինքը և մյուս պայքարող ուսանողները հարգանք են տածում փոխդեկանի նկատմամբ և վստահ են, որ նրա մասին շրջանառվող լուրերը, թե ուսանողուհուն անպարկեշտ առաջարկ է արել, իրականությանը չի համապատասխանում:
Նշենք, որ այսօր ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի փոխդեկան Գևորգ Բարսեղյանն այսօր ֆեյսբուք սոցցանցում գրառում էր արել հետևյալ բովանդակությամբ.
«Սիրելի ուսանողներ,
շնորհակալ եմ այս ինքնաբուխ աջակցության համար, սակայն խնդրում եմ դադարեցնել այս հավաքները, վերադառնալ բնականոն դասապրոցեսին: Դա միայն կօգնի հարցի արդարացի լուծմանը»: