Այս ի՞նչ «աջաբսանդալ» եք սարքել. Նաիրա Զոհրաբյանը՝ բարձրագույն կրթության օրինագծի մասին
«Ծառուկյան» խմբակցությունը «Բարձրագույն կրթության մասին» օրենքի ամբիցիոզ նախագիծ էր ակնկալում: Ազգային ժողովում այս մասին օրինագծի խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Նախնական քննարկումները, որոնք ձեզ հետ ունեցանք, ենթադրում էին այլ օրենք: Մեզ ոգևորել էր այն գաղափարը, որ ստեղծվելու է ռեկտորատին հակակշիռ գիտական խորհուրդը, որը կունենա ինքնավարություն, կլինի իրական հակակշիռ, բայց, չգիտես ինչու, դա չեղավ: Գուցե այն պատճառով, որ ռեկտորները հավաքվեցին, գնացին մի շատ ավելի բարձր տեղ ու կարգավորեցին խնդիրները: Հարցը ջրվեց, գնաց, օրակարգից դուրս եկավ: Հիմա գոնե գիտխորհրդի նախագահ ռեկտորը չպետք է լինի»,- շեշտեց Նաիրա Զոհրաբյանը:
Նա նշեց, որ բուհերի խորհրդի կազմերն անելիք չունեն: «Դեռևս 2 տարի առաջ, մինչ այս օրենքը, ես՝ ինքս, առաջինը դուրս եկա Գեղարվեստի ակադեմիայի խորհրդի կազմից: Կոչ արեցի բոլոր պաշտոնյաներին ևս դուրս գալ, որովհետև մեր ներկայությունն այնտեղ «գալոչկայից» բացի, որևէ բան չէր տալիս, բայց որևէ մեկը չհետևեց այդ օրինակին»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Պատգամավորը նշեց, որ ինքը կողմ է սերունդների հավասարությանը, սերնդափոխությանը, բայց դեմ է դիսկրիմինացիային: «Ես դեմ եմ, որ ռեկտորը որոշի, թե ում է թույլ տալիս դասավանդել, ում՝ ոչ: Այստեղ կարող է լինել սուբյեկտիվ որոշում, կոռուպցիայի հոտ կարող է գալ: Տեղ մի թողեք այլևայլ մեկնաբանությունների, սողանցքների համար: Կարող է լինել 30 տարեկան պրոֆեսիոնալ, որի կարիքը բուհն ունի, կարող է լինել 80 տարեկան պրոֆեսիոնալ, որի կարիքը բուհն ունի»,- ասաց Զոհրաբյանը:
Անցումային դրույթները ևս պատգամավորին դժգոհելու առիթ են տալիս: Նա ասաց, որ օրենքի դրույթներից մի քանիսն այսօր են մտնում ուժի մեջ, մյուսները՝ 2015թ.: «Այս ի՞նչ «աջաբսանդալ» եք սարքել: Ես համաձայն եմ, որ այս նախագծի շուրջ լինի քաղաքական ու հանրային կոնսենսուս, եթե չեղավ, ուրեմն այս նախագիծը չպետք է թույլ տալ, որ քննարկվի ու ընդունվի»,- մանրամասնեց նա: