Այդ օրենքները Աստվածաշո՞ւնչ են, որ մենք չկարողանանք գրիչը վերցնել, տողեր ավելացնել. Գ.Պետրոսյանը՝ ԸՕ-ում փոփոխություններ անելու մասին
Եթե օրենքն ընդունվել է, և իր կիրարկման պրակտիկայի ընթացքում ինչ-որ խնդիրներ են առաջացել, նշանակում է՝ այդ կոնսենսուսն անփոփոխելի է, անբեկանելի:
ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում Ընտրական օրենսգիրքը փոփոխելու վերաբերյալ նախագծի քննարկման ժամանակ նման հարցադրում հնչեցրեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:
«Ինչի այդ օրենքները Աստվածաշու՞նչ են, որ մենք չկարողանանք գրիչը վերցնել, տողեր ավելացնել, թե՞ ասենք Մարտիրոս Սարյանի կտավն է, որ չես կարող վերցնել շարունակել: Ցանկացած օրենք, այդ թվում՝ ԸՕ-ը, ենթակա է փոփոխության, եթե իր կիրարկման ընթացքում պարզվում է, որ չի կարող ծառայել այն նպատակին, ինչի համար որ ընդունվել է, և ասել, որ այսօր մենք կոնսենսուսի մեջ ենք եղել, ուրեմն բարոյական, առավել ևս՝ իրավաբանական իրավունք չունենք հանդես գալ փոփոխություններով, սա, մեղմ ասած, ընդունելի չէ»,- ասաց պատգամավորը:
Նա նշեց, որ ցանկացած օրենքի ընդունում ԱԺ պատգամավորների միջև ձեռք բերված համաձայնությամբ, ըստ էության, կոնսենսուս է :
Պետրոսյանը հղում արեց նաև ՀՀ Սահմանադրության 89-րդ հոդվածին, որտեղ, իր խոսքով, հստակ նշվում է ՝ ԱԺ-ն ընտրվում է համամասնական ընտրակարգով:
«Այս հոդվածում որևէ բան չկա մեծամասնական ընտրակարգի մասին, անգամ գրված էլ չէ, որ այլ ընտրակարգ սահմանվում է ընտրական օրենսգրքով, այսինքն՝ այստեղ կա սահմանադրականության խնդիր»,- ասաց նա:
Պատգամավորը նշեց, որ եթե ժամանակին ԱԺ-ն այդպիսի համաձայնության է եկել Ընտրական օրենսգիրքը ներկայիս տեսքով ընդունելու շուրջ, դա չի կաշկանդում որևէ մեկին այդ համաձայնությամբ ընդունված օրենքը փոփոխել, հատկապես, երբ այն իրեն չի արդարացրել:
«Ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ, առավել ևս՝ հանրային իրողություն է, որ, այսպես կոչված, ռեյտինգային ընտրակարգը ոչ թե քաղաքական պայքար էր, այլ պայքար էր ուրիշ հատկանիշների, ուրիշ ունակությունների միջև, և շատ լավ գիտենք, թե ովքեր էին հոգեհանգստյան արարողության տպավորություն հիշեցնող սև վերնաշապիկներով կանգնում ընտրական հանձնաժողովների դիմաց և ուղեկցում, այսպես կոչված, մոլորյալ կամ չկողմնորոշված ընտրազանգվածին՝ իրենց կարծիքը, իրենց դիրքորոշումն արտահայտելու»,-ասաց պատգամավորը: