Եթե երիտասարդ գիտնականին առաջարկվի 1000-1500 դոլարի աշխատանք, եթե հույս ունենա, որ կդառնա ամբիոնի վարիչ, նա կմնա Հայաստանում. ԿԳ նախարար
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդևան Գրիգորյանի կարծիքով՝ երիտասարդ գիտնականները լքում են Հայաստանը կեցության պայմանների պատճառով: Պատգամավորի խոսքով՝ գիտնականները չեն լքում երկիրը «ամբիոնի վարիչ» դառնալու խոչընդոտների պատճառով, ինչպես կարծում է Կրթության և գիտության նախարարը:
«Մարդիկ գնում են, որովհետև իրենց ավելի շատ գումար է առաջարկվում դրսում»,- Ազգային ժողովում մեկնարկել է գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի կողմից անցկացվող բարձրագույն կրթության մասին օրենքի նոր նախագծի թեմայով անցկացվող խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց Վարդևան Գրիգորյանը:
Կրթության և գիտության նախարարը չհամաձայնեց տեսակետի հետ: «Ես խոսել եմ հնագիտության ուղղությամբ տասնյակ երիտասարդների հետ: Նրանց մի մասը, ցավոք, այլևս Հայաստանում չէ: Մարդիկ ասում են, որ իրենք ունեն արտերկրից 5000-6000 դոլարի առաջարկներ, բայց եթե իրենց ապահովվի 1000-1500 դոլարի աշխատանք՝ այնքան, որ կարողանան ընտանիքը պահել, իրենք կմնան այստեղ»,- հավաստիացրեց Լևոն Մկրտչյանը:
Նախարարի խոսքով՝ երիտասարդը հեռանկար պետք է ունենա, հույս, որ 50 տարեկանում կարող է դառնալ ամբիոնից վարիչ, ստեղծել գիտական իր խումբը, թողնել իր ձեռագիրը, «մտնել համալսարան ոչ թե 70-ականների տետրերով կարդալ դասախոսություն, այլ նոր մեթոդներ ներմուծել»: «Այս հաճույքների համար մարդը կմնա Հայաստանում, կհրաժարվի բարձր աշխատավարձից: Վստահեցնում եմ ձեզ: Մեր երիտասարդներից մեծ մասի համար կարևոր է բարոյական բավարարվածությունը: Եկեք շանսը տանք՝ տեսնենք կմնան, թե չեն մնա»,- ասաց Լ. Մկրտչյանը: