Բարձրագույն կրթության մասին նոր օրենքի նախագիծը կոնկրետ մեկ անձի շահերով է պայմանավորված. Արայիկ Հարությունյան (ուղիղ միացում ԱԺ–ից)
Բարձրագույն կրթության մասին նոր օրենքի նախագիծը կոնկրետ մեկ անձի շահերով է պայմանավորված: Այս մասին Ազգային ժողովում մեկնարկած Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի կողմից բարձրագույն կրթության մասին օրենքի նոր նախագծի թեմայով անցկացվող խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ, ԵՊՀ դասախոս Արայիկ Հարությունյանը:
Դիմելով Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին՝ Արայիկ Հարությունյանն ասաց. «Դուք պրոֆեսորադասախոսական կազմին քիչ առաջ կոչ արեցիք չառաջնորդվել անձնական շահերով: Չե՞ք կարծում, որ օրենքի այս տարբերակը կոնկրետ մեկ անձի շահերով է պայմանավորված՝ բուհերի խորհուրդները հաստատվում են վարչապետի կողմից, և ԵՊՀ-ի վերաբերյալ առանձին դրույթ կա»:
Նա հորդորեց գոնե հաստատման իրավունք տալ ոչ թե վարչապետին, այլ Կառավարությանը, որովհետև «վարչապետը չէ այս ամենի հիմնադիրը»:
Լևոն Մկրտչյանն ասաց, որ իրավաբանորեն բաց կմնա, թե ով պետք է հաստատի բուհի խորհուրդը: Նախարարի խոսքով՝ բուհն ունի հիմնադիր, և խորհուրդը պետք է հաստատվի հիմնադրի կողմից, թե ով կլինի այդ հիմնադիրը՝ նախարարը, թե վարչապետը, կարևոր չէ:
Նախարարը նշեց, որ մայր բուհի նկատմամբ առանձնակի վերաբերմունք կա, բայց «ընդհանուր սկզբունքներին չի կարող հակասել առանձնահատուկ շեշտադրումը, որը ավելի շատ բարոյական է»:
Արայիկ Հարությունյանը նաև հետաքրքրվեց՝ ովքե՞ր կարող են գործարար հատվածից ներգրավված լինել բուհերի կառավարման խորհուրդներում: ԿԳ նախարարը պատասխանեց, որ դա բուհի իրավունքն է:
«Կարևոր է, որ գործատուն կգա, իր բիզնեսը կկապի համալսարանի հետ, նվիրաբերություն կանի, որևէ ֆակուլտետ կբացի և այլն: Ուսանողներն ասացին, որ ճիշտ կլինի, եթե գործատուների որոշակի հատված առաջարկվի ուսանողների կողմից, ցանկը, գործատուների թեկնածուների անունները պետք է գան համալսարաններից»,- ասաց Լ. Մկրտչյանը: