«Նրանք, այսպիսով, ցույց կտան՝ ունե՞ն մեր երկրի հետ հարաբերությունները լավացնելու ցանկություն, թե՞ ոչ». Թուրքիայի ԱԳՆ-ն՝ Նիդեռլանդներում ցեղասպանության նախագծի մասին
Թուրքիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Համի Աքսոյը, մեկնաբանելով Հայոց ցեղասպանության վերաբերյալ Նիդեռլանդների խորհրդարանում քննարկվելիք 2 նախագծերը, նշել է, որ իրենց որոշմամբ Նիդեռլանդների իշխանություններն ի ցույց կդնեն Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ցանկության առկայությունը կամ դրա բացակայությունը, գրում է Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօս»-ը:
«Նրանք, այսպիսով, ցույց տված կլինեն՝ արդյո՞ք ունեն մեր երկրի հետ հարաբերությունները լավացնելու ցանկություն, թե՞ ոչ», - ասել է Աքսոյը:
Աղբյուրը նշում է, որ նախագծերի ընդունմանը կողմ է Նիդեռլանդների խորհրդարանում ներկայացված 4 կուսակցություն, և դրա ընդունումն այս դեպքում ամենահավանական տարբերակն է:
Հիշեցնենք, որ Նիդեռլանդների «Քրիստոնեական միություն» կուսակցության անդամ Ջոել Ֆորդևինդը խորհրդարան է ներկայացրել Հայոց ցեղասպանության վերաբերյալ երկու նոր նախագիծ: Դրանցից առաջինը վերահաստատում է Նիդեռլանդների՝ դեռևս 2004 թվականին ցեղասպանության ճանաչման որոշումը, իսկ երկրորդի ընդունման դեպքում նախատեսվում է Նիդեռլանդներից կառավարության ներկայացուցչի մակարդակով այցելություն Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ անմեղ զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու նպատակով: