Ռուսաստանը սկսել է «օրենքով գողերի»՝ այդ թվում հայ քրեական հեղինակությունների արտաքսումը. «Կոմսոմոլսկայա պրավդա»
Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը որոշում է կայացրել երկրի տարածքում գտնվող «օրենքով գողերի» արտաքսման վերաբերյալ, հայտնում է kp.ru-ն՝ մանրամասնելով, որ արտաքսումն իրականացվում է ՌԴ քրեական օրենսգրքի հիման վրա:
«Օրենքով գողերին» հիմնականում ձերբակալում են խարդախության, թմրանյութերի պահման ու վաճառքի մեղադրանքներով: Նրանք դատապարտվում են, իսկ բանտից դուրս գալուց հետո արտաքսվում Ռուսաստանից:
Հայտնի է, որ այժմ ՌԴ իշխանությունները պատրաստվում են երկրից Վրաստան արտաքսել 51-ամյա Ասլան Կոբուլաձեին, Սուլիկո Շարիկաձեին, Ղրղզստան՝ 43-ամյա Կամչիբեկ Կոլբաևին: Իսկ մինչ այդ Ռուսաստանից Վրաստան էր արտաքսվել Բաչուկա Պաչուլիան, Ադրբեջան՝ Դադաշ Բակինսկին:
Ենթադրվում է, որ քրեական տարրից ազատվելու անհրաժեշտությունն առաջացել է 2018թ. Ռուսաստանում կայանալիք Ֆուտբոլի աշխարհի առաջնության կապակցությամբ:
Աղբյուրը մանրամասնում է, որ 20-րդ դարի սկզբից առ այսօր Ռուսաստանի և հետխորհրդային տարածքում եղել է մոտ 5.000 «օրենքով գող», որոնցից շատերը մահացել են արտասահմանում, իսկ մյուսներն էլ՝ բանտերում:
Kp.ru-ի հետ զրուցած քաջատեղյակ աղբյուրի փոխանցմամբ՝ այժմ ակտիվ գործունեություն վարող «օրենքով գողերը» 432-ն են: Նրանցից 318-ն ազատության մեջ են, 114-ը՝ ազատազրկված, 31-ը՝ քննության տակ, իսկ 19-ի նկատմամբ հետախուզում է հայտարարված:
«Քրեական հեղինակությունների» շրջանում ամենամեծ թիվն են կազմում Վրաստանի քաղաքացիները (242), որոնց հաջորդում են ռուսները (51), հայերը (30), եզդիները (26), ադրբեջանցիները (16), աբխազները (10), չեչենները (8), հրեաները (7):