Էրդողանը խոսել է սիրիական բանակի՝ Աֆրին մտնելու լուրերի մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնաբանել է մամուլում հայտնված տեղեկությունը, ըստ որի՝ սիրիական բանակը նախօրեին մուտք է գործել սիրիական Աֆրին, որտեղ քուրդ զինյալների դեմ «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունն է իրականացնում թուրքական ԶՈւ-ն:
Ինչպես գրում է թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականը, Էրդողանը նշել է, որ Ասադին հավատարիմ շիական զինված խմբավորումներից մեկի մոտ 10 հոգանոց խումբ մոտեցել է Աֆրինին, սակայն թուրքական ԶՈւ-ի գնդակոծությունից հետո հետ է քաշվել:
«Նրանք, իհարկե, սրա գինը ծանր են վճարելու», - ասել է Էրդողանը:
Մինչդեռ թուրքական մի շարք լրատվամիջոցներ պնդել են, որ սիրիական բանակն արդեն մուտք է գործել Աֆրին, և թուրքական ԶՈւ-ի հարվածները նրանց բնավ չեն կարողացել կանգնեցնել:
Ավելի վաղ մամուլում տեղեկատվություն էր տարածվել, որ Սիրիայի հյուսիսում գտնվող քրդական ազգային զինված ջոկատները (PYD/YPG) պայմանավորվածություն են ձեռք բերել Սիրիայի իշխանությունների հետ, և սիրիական բանակն առաջիկա օրերին պետք է մտնի Աֆրին: Նախօրեին, սակայն, քրդական ուժերը հերքեցին տեղեկատվությունը:
Հիշեցնենք, որ հունվարի 20-ին թուրքական ԶՈւ-ն սկսել է Սիրիայի հյուսիսում գտնվող քրդական ազգային զինված ջոկատների (PYD/YPG) դեմ ռազմական գործողությունը, որը ստացել է «Ձիթենու ճյուղ» անվանումը: