Ղարաբաղի շուրջ լարվածությունը կարող է հանգեցնել լայնածավալ ռազմական գործողությունների. ԱՄՆ հետախուզություն
ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Դենիել Քոութսը հրապարակել է «Համաշխարհային սպառնալիքների գնահատականը» խորագրով զեկույցը, որում ներկայացվում է ԱՄՆ ազգային անվտանգությանը սպառնացող վտանգների 2018 թվականի գնահատումները:
Զեկույցում Քոութսն անդրադարձել է նաև Լեռնային Ղարավաղի հակամարտությանն ու տարածաշրջանային սպառնալիքներին:
«Լեռնային Ղարաբաղի շուրջ տիրող լարվածությունը կարող է հանգեցնել Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ ռազմական հակամարտության, որին կարող է ներգրավվել Ռուսասատանն իր տարածաշրջանային դաշնակցին աջակցելու համար», - ասվում է ԱՄՆ հետախուզության զեկույցում:
«Երկու կողմի՝ փոխզիջումների գնալու դժկամությունը, ներքին ճնշումների ահագնացումը, Ադրբեջանի կայուն ռազմական արդիականացումը և Հայաստանի կողմից նոր ռուսական զենքի ձեռքբերումը լայնածավալ պատերազմական գործողությունների վտանգ են պարունակում, որոնք կարող են բռնկվել 2018-ին»,- նշված է վերլուծության մեջ:
Զեկույցում շեշտվում է նաև, որ Ռուսաստանը ճնշում կգործադրի Կենտրոնական Ասիայի առաջնորդների վրա՝ նվազեցնելու Վաշինգտոնի հետ հարաբերությունների խորացումը:
Քոութսի կարծիքով՝ «Կրեմլը կձգտի պահպանել և որտեղ հնարավոր է ընդլայնել իր ազդեցությունը նախկին խորհրդային երկրների տարածքում»: