Սաակաշվիլին հայտարարել է, որ Լեհաստանից քաղաքական ապաստան չի խնդրի
Վրաստանի նախկին նախագահ, Օդեսա շրջանի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ քաղաքական ապաստան չի խնդրի Լեհաստանից, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ուկրաինայի իշխանությունները երկուշաբթի Սաակաշվիլիին արտաքսել են Լեհաստան, որի տարածքից նա աշնանն անօրինական կերպով հայտնվել էր Ուկրաինայի տարածքում՝ ճեղքելով սահմանապահների և իրավապահների պատը:
Վրաստանի նախկին նախագահի խոսքով՝ Լեհաստանի ՆԳՆ-ում նրան հարցրել են քաղաքական ապաստան խնդրելու մտադրության մասին:
«Ես պատասխանեցի, որ չեմ խնդրի ոչ մի քաղաքական ապաստան»,- ասել է քաղաքական գործիչը երեքշաբթի NewsOne հեռուստաալիքի եթերում:
Լեհաստանի սահմանապահ ծառայությունը հաստատել է, որ Սաակաշվիլին ժամանել է Վարշավա:
Սաակաշվիլիի աջակիցները հանրահավաք են անցկացրել Կիևում Ուկրաինայի նախագահի նստավայրի մոտ: Նրանց և ոստիկանության աշխատակիցների միջև բախումներ են տեղի ունեցել, մեկ մարդ ձերբակալվել է:
Սաակաշվիլիի փաստաբան Ռուսլան Չեռնոլուցկին հայտարարել է, որ քաղաքական գործչի փաստաբանները երեքշաբթի հայց կներկայացնեն Կիևի շրջանային վարչական դատարան, որով կպահանջեն հակաիրավական ճանաչել Ուկրաինայի միգրացիոն ծառայության, սահմանապահների և ՆԳՆ-ի գործողությունները քաղաքական գործչին Լեհաստան արտաքսելու ժամանակ: