Իրանական կողմն ուսումնասիրում է արցախաիրանական սահմանի բացման առաջարկը, և արձագանքներ լինելու են. Գառնիկ Իսագուլյան
Ենթադրում եմ, որ իրանական կողմն ուսումնասիրում է արցախաիրանական սահմանի բացման առաջարկը և արձագանքներ լինելու են: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը:
«Չեմ կարծում, որ պարոն Մայիլյանը հենց այնպես հայտարարություն է արել: Համենայնդեպս, ղարաբաղյան կողմի առումով կարող եմ ասել, որ Արցախի Հանրապետությունը պատրաստ է սերտ համագործակցության բոլոր հարևանների հետ: Եթե Ադրբեջանն ընդունի ներկայիս իրողությունը` որպես գոյություն ունեցող փաստ, ապա Ադրբեջանի հետ էլ հարաբերությունների սերտացման որևէ խոչընդոտ մենք չենք տեսնում»,- նշեց նա:
Գառնիկ Իսագուլյանը հիշեցնում է, որ ԱՀ ԱԳՆ ղեկավար Մասիս Մայիլյանի հետ հարցազրույցը հենց իրանական մամուլի ներկայացուցիչներն էին արել, որը տարածվել էր գրեթե ամբողջ իրանական մամուլում: Հրապարակումից հետո որևէ հերքում չեղավ, և Իսագուլյանը ենթադրում է, որ իրանական կողմն ուսումնասիրում է սահմանի բացման առաջարկը. «Կարծում եմ՝ Իրանի համար սա շատ հետաքրքիր առաջարկ է: Իրանական կողմն, անպայման, ուսումնասիրում է այն, և արձագանքներ լինելու են»,- ընդգծեց նա:
Հիշեցնենք, որ իրանական հեղինակավոր «Շարղ» օրաթերթում, «Իսլամական Հանրապետության լրատվական գործակալություն» պաշտոնական տեղեկատվական գործակալության կայքէջում, ինչպես նաև իրանական մի շարք այլ լրատվամիջոցներում 2017 թ. դեկտեմբերին հրապարակվել էր իրանցի քաղաքական վերլուծաբան, լրագրող Սալար Սեյֆօլդինի հարցազրույցը Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի հետ։ ԱՀ ԱԳՆ ղեկավարը հարցազրույցում մասնավորապես նշել էր. «Չնայած մեր միջև բարիդրացիական տրամադրվածությանը՝ Արցախի և Իրանի սահմանը մնում է փակ, ինչն անբնական է: Մենք շահագրգռված ենք գործող սահմաններ և բարիդրացիական հարաբերություններ ունենալ հարևան բոլոր երկրների հետ, այդ թվում Իրանի հետ»:
Ըստ Գառնիկ Իսագուլյանի՝ արցախաիրանական սահմանի բացման խոչընդոտող հանգամանք կարող է լինել այն, որ դրանից հետո Իրան-Ադրբեջան հարաբերությունները կլարվել:
«Բայց, կարծում եմ, իրանական կողմը շատ լավ հասկանում է, որ վաղ թե ուշ Ադրբեջանը բավականին լուրջ գլխացավանք է դառնալու իր համար: Եվ ժամանակին հարաբերություններ ձևավորելը Արցախի Հանրապետության հետ` բխում է Իրանի Իսլամական Հանրապետության շահերից»,- նկատեց Իսագուլյանը:
Նրա տեղեկացմամբ՝ ինչ-որ ժամանակ Արցախի և Իրանի միջև ոչ պաշտոնական հարաբերություններ եղել են, բայց սահմանի պաշտոնական բացում և պաշտոնական այցելություններ չեն եղել:
«Պետք է ընդունել մի բան. Իրանը շատ լավ հասկացավ, որ Արցախը դե ֆակտո գոյություն ունեցող պետություն է, որը բոլոր այլ նմանատիպ պետություններից տարբերվում է նրանով, որ ինքն է պահպանում իր անվտանգությունը: Բոլոր այս կարգի հիմնախնդիրները անվտանգություն սպառողներ են, իսկ Արցախը արտադրող է: Շատերի համար թվում է, թե սրանք ուղղակի խոսքեր են, բայց դա փաստ է»,- ասաց նա:
Իսագուլյանը նկատում է, որ տարածաշրջանում բալանսի ցանկացած փոփոխություն հանգեցնելու է անկանխատեսելի հետևանքների: Նրա կարծիքով՝ սա հասկացել են նաև միջնորդ պետությունները՝ ԵԱՀՄ Մինսկի խմբի համանախագահները, որոնք ժամանակ առ ժամանակ այցելում են Արցախ, և ըստ Իսագուլյանի՝ տեսնում են՝ Արցախն ինչպես է կարողանում տարածաշրջանում կայունությունը պահպանել:
Նախորդ տարվա դեկտեմբերի 23-ին Արցախի ղեկավար Բակո Սահակյանն այցելել էր հարավային հատվածում տեղակայված մի շարք զորամասեր: Այցի ընթացքում Արցախի ղեկավարն անցկացրել էր նաև ընդլայնված խորհրդակցություն այնտեղ իրականացվող և նախատեսվող ծրագրերի շուրջ:
Գառնիկ Իսագուլյանը, սակայն նշում է, որ Բակո Սահակյանի այցը և հարավային հատվածում ծրագրերի մասին խոսելը պայմանավորված չէ սահմանի բացման մասին հայտարարությունների հետ. «Արցախի Հանրապետության նախագահը բավականին շատ է այցելում ոչ միայն հարավային սահման, այլ նաև Արցախի մնացած բոլոր շրջաններ: Անցած տարվա ընթացքում 7-8 անգամ եղել ենք հարավային սահմանում, այնտեղ լուրջ ծրագիր է նախատեսվում իրականացնել»,- հայտնեց Իսագուլյանը: