Թրամփն ամփոփել է պաշտոնավարման առաջին տարվա արդյունքները
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, ամփոփելով երկրի ղեկավարի պաշտոնում աշխատելու առաջին տարին, իր թվիթերյան էջում ներկայացրել է ունեցած ձեռքբերումները:
«Ընտրությունների պահից սկսած մեր երկրի համար տարբեր ոլորտներում աննախադեպ հաջողություն էր»-գրել է 71-ամյա հանրապետականը:
Թրամփի պնդմամբ՝ իր նախագահության առաջին տարվա ամենանշանակալի հաջողություններից են արժեթղթերի շուկաներում արձանագրված ռեկորդները, բանակի ամրապնդումը, հանցավորության ու պետական սահմանների վերահսկումը, ինչպես նաև «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման նկատմամբ տարած հաղթանակը:
«Կանանց շրջանում և, ընդհանուր առմամբ, գործազրկության ամենացածր տոկոսը, հարկերի մասշտաբային իջեցումը, պարտադիր բժշկական ապահովագրման վերջը և շատ այլ բաներ»,-հավելել է ԱՄՆ նախագահը:
Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների կառավարությունը հունվարի 20-ին հայտարարել է աշխատանքի ժամանակավոր դադարեցման մասին, ինչը պայմանավորված է Կոնգրեսում դեմոկրատների ու հանրապետականների հակասությունների պատճառով պետբյուջեի չհաստատման փաստով: