ՌԴ-ի՝ Ադրբեջանի հետ հարաբերությունները խորացնելը չպետք է դիտել որպես հակահայկական քայլ, միգուցե դա նպաստի իրավիճակի կայունացմանը. Դ. Բաբայան
Ռուսաստանի՝ Ադրբեջանի հետ հարաբերությունները խորացնելը չպետք է դիտել որպես հակահայկական քայլ: Թող խորացնեն, միգուցե, դա ավելի կնպաստի, որպեսզի կայուն լինի իրավիճակը: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը: «Հիմա Ռուսաստանը, բանական է, ուզում է, որ իր սահմանների երկայնքով իր համար բարիդրացիական մթնոլորտ ձևավորվի: Եթե Ադրբեջանի հետ է զարգացնում իր հարաբերությունները, ի՞նչ է, նա մեր շահերի՞ց պետք է ելնի: Կամ` մենք պետք է ինչ-որ երկրի շահերի՞ց ելնենք մեր հարաբերությունները տարբեր երկրների հետ խորացնելու համար»,- նշեց նա: Դավիթ Բաբայանը համոզված, որ անկախ Ադրբեջանը, միևնույն է, չի կարող լինել Ռուսաստանի դաշնակիցը:
- Պարո՛ն Բաբայան, օրերս հայ հասարակական-քաղաքական ոլորտի մի խումբ ներկայացուցիչներ կոչ էին արել Հայաստանի իշխանություններին հայ-թուրքական, հայ-իրանական սահմաններից և «Զվարթնոց» օդանավակայանի սահմանապահ անցակետից ՌԴ սահմանապահ ուժերի դուրս բերման գործընթաց սկսել: Ինչպե՞ս եք վերաբերում այս կոչին:
- Հայ ժողովուրդը, հայոց պետականությունը երիտասարդ չէ: Արդեն 27 տարի է` մենք ունենք անկախ պետականություն, կարելի է ասել նույնիսկ 30 տարի, որովհետև ղարաբաղյան շարժման մեկնարկի հետ, փաստորեն, հայոց պետականությունը վերականգնվեց: Մենք պետք է շատ ճկուն քաղաքականություն վարենք հատկապես անվտանգության ոլորտում, և մենք պարզապես պարտավոր ենք լավ հարաբերություններ ունենալ առաջին հերթին բոլոր այն երկրների հետ, որտեղ ունենք մեծ հայկական սփյուռք, որովհետև Հայաստան-Արցախ-սփյուռք եռամիասնությունը մեր պետականության հիմքն է: Բոլոր այն փորձերը՝ խարխլելու նման երկրների հետ Հայաստանի բարիդրացիական հարաբերությունները, ճիշտ չեն և վտանգավոր կարող են լինել: Նույնը նաև Ռուսաստանի պարագայում, նրա հետ մենք ունենք բազմաթիվ կապեր՝ պատմական, մշակութային, ռազմական, տնտեսական, բայց դա չի նշանակում, որ Ռուսաստանի հետ կապերը զարգացնում ենք, պետք է չզարգացնենք Իրանի կամ ԱՄՆ-ի հետ: Մենք պարտավոր ենք լավ հարաբերություններ ունենալ բոլոր այն երկրների հետ, որտեղ կա հայկական սփյուռք: Բացի դրանից, մենք ունենք ռազմավարական խնդիր, նախ ռուսական բանակը որևէ վտանգ չի ներկայացնում հայոց պետականությանը, այլ հակառակը: Այն բոլոր մարդիկ, ովքեր կարծում են, որ ռուսական բանակը պետք է հանվի, իրենց մեծ հայրենասերի տեղ դրած բղավում են, ի՞նչ է, հայրենասիրությունը բղավելու մե՞ջ է, թե սուտ կարգախոսներ բարձրաձայնելն է: Իսկ ո՞վ է գնալու և Թուրքիայի հետ սահմանը պաշտպանի: Եկեք հաշվենք` մենք ինչքան ռեսուրս ունենք և ում հետ ենք մենք առնչվում: Թուրքիայի բնակչությունը 85 մլն է, նա ունի 700 հազարանոց բանակ: Գիտեք, ես չեմ ուզում որակավորել այդ հայտարարությունները, բայց այդ մարդիկ կա՛մ չեն հասկանում, կա՛մ պարզապես չգիտեն ինչ քաղաքականություն է վարվում: Սա շատ վտանգավոր է հայոց պետականության համար: Մենք ապուշ չենք, որ մեր պետականությունը դնենք այդպիսի վտանգի առջև, մեր սեփական ռեսուրսներով շատ դժվար կլինի անվտանգությունը ապահովել: Մենք պարտավոր ենք լավ հարաբերություններ ունենալ թե՛ Ռուսաստանի, թե՛ Իրանի, թե՛ ԱՄՆ-ի հետ:
- Այս կոչին անդրադարձել էր ռուսական «Взгляд» լրատվամիջոցը՝ գրելով, որ «ՀՀ ցանկացած ողջամիտ բնակիչ հասկանում է, որ Ռուսաստանի հետ դաշնակցությունը նրա գոյության փաստի գլխավոր երաշխիքն է»: Եվ բացի նշված սահմաններից` ԶԼՄ-ն նաև գրել էր Արցախյան ճակատի մասին. «Ղարաբաղյան խնդրի հուսալի կարգավորումը հնարավոր է միայն միասնական պետության կազմի մեջ Հայաստանն ու Ադրբեջանը վերադարձնելու դեպքում: Այդ ժամանակ Ղարաբաղը և մյուս վիճելի տարածքները կարող են կիսվել կենտրոնական, այսինքն՝ Մոսկվայի իշխանության կողմից»: Ի՞նչ եք կարծում, այս հրապարակումը արտահայտո՞ւմ է պաշտոնական Մոսկվայի ցանկությունները, մոտեցումները:
- Երբ ռուսական մի լրատվամիջոց նման հայտարարություններ է անում, կարծես, մարդիկ կան, որ հատուկ սպասում են, որպեսզի դա պետության քաղաքականություն անվանեն և սկսեն հայհոյել: Ի՞նչ է, մենք ներսում քի՞չ ապուշ ունենք: Ամեն մի հայտարարությունը պետք է մեկնաբանել և դրա մասին խոսե՞լ: Սա բացառապես այդ լրատվամիջոցի կարծիքն է, դա չի կարող արտացոլել Ռուսաստան պետության մոտեցումը: ԽՍՀՄ տարիներին նույնիսկ փորձ արվել է Ղարաբաղյան հիմնախնդիրը կարգավորել, կենտրոնին ենթակա ԼՂԻՄ-ը դուրս բերել Ադրբեջանի կազմից: Հատուկ կոմիտե է եղել, եղել է հատուկ կարգավիճակ: Արցախը առաջինը և միակն էր Խորհրդային Միության կազմում, որը ունեցավ կենտրոնի հետ անմիջապես հարաբերվելու և ենթարկվելու կարգավիճակ: Սա էլ է շատ հետաքրքիր, ինչի մասին քիչ է խոսվում, բայց պրակտիկան ցույց տվեց, որ դա էլ դրական արդյունք չտվեց շատ պատճառներով: Բայց, այս պահի դրությամբ, վերադարձ անցյալին հնարավոր չէ: Այսինքն` Արդբեջանը պետք է պարզապես ճանաչի: Սա է ամենալավ և հուսալի գրավականը խաղաղության և կայունության: Իսկ մեզ համար մեր պետականությունն ամենաթանկ արժեքն է:
- Հետաքրքրական է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձը ԵԱՏՄ անդամ երկրներին, որում նա առաջարկել է խորացնել համագործակցությունը Միությանը չանդամակցող ԱՊՀ անդամ պետությունների հետ՝ Տաջիկստանի, Ուզբեկստանի, Թուրքմենստանի` այդ թվում նաև Ադրբեջանի: Պուտինն առաջարկել էր այդ պետություններից մի քանիսին շնորհել ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ: Այս ուղերձից հետո անմիջապես հնչեցին կարծիքներ, որ Ռուսաստանը ցանկություններ, մտադրություններ ունի ԽՍՀՄ-ը վերականգնելու, այս անգամ արդեն ԵԱՏՄ անվամբ: Ի՞նչ կարող եք ասել այս ամենի վերաբերյալ:
- Վերադառնանք սկզբում ասածիս: Մենք գրեթե 30 տարի է` անկախ պետականություն ունենք և պետք է բոլոր աշխարհաքաղաքական խնդիրները վերլուծել սառնասրտորեն, չընկնել բղավողների, տարբեր տիպի պրովոկատորների ձեռքը, որոնք շատ-շատ են: Խնդիրը ո՞րն է` Ռուսաստանն ունի իր քաղաքականությունը, ՌԴ-ն գերտերություն է, ի՞նչ է, մենք չունե՞նք մեր քաղաքականությունը, մենք չունե՞նք մեր շահերը, մոտեցումները, որոնք կարող են տարբեր լինել նույն Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից: Այդպես էլ պետք է լինի, սա բնական է: Հիմա Ռուսաստանը, բանական է, ուզում է, որ իր սահմանների երկայնքով իր համար բարիդրացիական մթնոլորտ ձևավորվի: Եթե Ադրբեջանի հետ է զարգացնում իր հարաբերությունները, ի՞նչ է, նա մեր շահերից պետք է ելնի: Կամ` մենք պետք է ինչ-որ երկրի շահերի՞ց պետք է ելնենք: Իհարկե, պետք է հաշվի առնել ամեն ինչ, հատկապես փոքր պետությունների համար: Բայց եթե ուզում են Ադրբեջանի հետ հարաբերությունները խորացնել, թող խորացնեն, ինչո՞ւ մենք պետք է դա դիտենք որպես հակահայկական քայլ: Թող խորացնեն, միգուցե դա ավելի կնպաստի, որպեսզի կայուն լինի իրավիճակը: Մեկ է, Ադրբեջանն իր պատականաշինության, իր յուրահատկությունների շնորհիվ երբևիցե չի լինելու ՌԴ-ի դաշնակիցը, ինչպես նաև Թուրքիան: Սա փաստ է, որից այն կողմ հնարավոր չէ պատկերացնել: Անկախ Ադրբեջանը չի կարող լինել Ռուսաստանի դաշնակիցը: Հետաքրքիր է մեկ այլ բան, որ Եվրոպան ընդլայնվում է, վա՞տ է: Պետք է ասենք, որ բոլորս Արևմուտքի գաղո՞ւթ ենք դառնում: Ինչո՞ւ սրա մասին չեն խոսում: Այստեղ կան ուժեր, որոնք փորձում են հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները խարխլել: Դե թող խոսեն, որ Եվրոպայի գաղութն ենք դառնում, բա ինչո՞ւ չեն խոսում, որովհետև դա այդպես չէ, նույն էլ այս պարագայում է: