Շփման գծում հակառակորդը անօդաչու թռչող սարքից կիրառել է ականանետի արկ․ՊԲ
«Ոտնահարելով նախօրեին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանագահների միջնորդությամբ Կրակովում կայացած հանդիպման ընթացքում ստանձնած պարտավորությունները, որով կողմերին կոչ էր արվել իրականացնել վստահության ամրապնդման միջոցառումներ՝ հակառակորդը հունվարի 20-ին՝ ժամը 14:50-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային հատվածում դիմել է հերթական սադրանքի՝ անօդաչու թռչող սարքից հայ դիրքապահների ուղղությամբ կիրառելով ականանետի արկ:
Ադրբեջանական զինուժի նախահարձակ գործողության արդյունքում ՊԲ-ն որևէ կորուստ չի ունեցել:
ՊԲ դիրքապահները շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն», - ասված է ՊԲ-ի հաղորդագրությունում:
Հիշեցնենք, հունվարի 18-ին Կրակովում կայացած հանդիպումից հետո եԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարեցին, որ Հայաստանի և Ադրբեջանի «արտգործնախարարները սկզբունքորեն համաձայնություն են հայտնել համանախագահների վերամշակած փաստաթղթին, որը վերաբերում է ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնմանը, ցանկություն հայտնելով հնարավորինս շուտ ավարտուն տեսքի բերել փաստաթուղթը»։