Կոուտինյոն հունվարին 25-ին կարող է նորամուտը նշել Բարսելոնայի կազմում
«Բարսելոնայի» նորեկ Ֆիլիպե Կոուտինյոն վնասվածքից վերականգնվելուց հետո առաջին մարզումն է անցկացրել ընդհանուր խմբի հետ և կապտանռնագույնների կազմում առաջին անգամ կարող է խաղադաշտ դուրս գալ Իսպանիայի Գավաթի քառորդ եզրափակչի` «Էսպանյոլի» հետ պատասխան խաղում:
Այդ հանդիպումը կկայանա հունվարի 25-ին «Կամպ Նոու» մարզադաշտում.
«Չեմ սիրում ֆուտբոլիստների վերադարձի հստակ ժամկետներ նշել վնասվածքներից հետո, բայց պետք է նշել, որ Կոուտինյոն լավ արդյունքներ է գրանցել իր վերականգնման ընթացքում: Նա մկանային խնդիրներ ուներ, բայց հույս ունեմ, որ շուտով կկարողանա մասնակցել մեր խաղերին: Չեմ կարող ասել` արդյոք դա տեղի կունենա հինգշաբթի՞, բայց այն հնարավոր է»,- «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեի խոսքերն է փոխանցում «AS»-ը:
Հիշեցնենք` քառորդ եզրափակչի առաջին խաղում «Բարսելոնան» նվազագույն հաշվով պարտվել է «Էսպանյոլին»: