Կարևոր չէ՝ ՀՀ-ԵՄ համաձայնագիրը վավերացնող հաջորդ երկիրը Լատվիա՞ն կլինի, թե Ֆրանսիան, կարևորը, որ վերջնական արդյունքում վավերացնեն բոլորը. Թ. Պողոսյան
Հայաստանի և Եվրամիության միջև նոյեմբերի 24-ին Բրյուսելում ստորագրված համագործակցության մասին համաձայնագիրը երեկ վավերացրեց Եվրամիության անդամ Էստոնիայի կողմից: Կարելի է բացված համարել վավերացման գործընթացի մեկնարկը: Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Թևան Պողոսյանը:
«Մեր դիվանագիտությունն աշխատում է, որ օր առաջ ԵՄ անդամ բոլոր երկրները վավերացնեն այս համաձայնագիրը: Սա սկիզբն է, որի վրա մենք պետք կառուցենք հաջորդ վավերացումները: Կասկած չունեմ, որ վավերացնելու են բոլորը»,- ասաց նախկին պատգամավորը:
Թևան Պողոսյանի խոսքով՝ Հայաստանը պետք է ակտիվ աշխատի, որպեսզի ԵՄ անդամ պետությունները վավերացնեն համաձայնագիրը գոնե մինչև 2018թ.-ի ավարտը:
«Պետք է աշխատել: Մեր մեսիջն այն պետք է լինի, որ մենք լուրջ ենք, աշխատում ենք: Եթե Եվրամիությունում տեսնեն, որ մենք հետևողական ենք, վերահսկում ենք, արհեստական ձգձգումներ չեն անի: Մենք ամեն ինչ պետք է անենք, որ մինչև 2019թ.-ին սպասվելիք Եվրախորհրդարանի ընտրությունները փաստաթուղթը վավերացվի»,- հավելեց նա:
Թևան Պողոսյանի խոսքով՝ Եվրախորհրդարանի համար առաջիկայում ընտրական փուլ է սպասվում, տեղի են ունենալու ընտրություններ և բոլոր երկրները զբաղված են լինելու ներպետական խնդիրներով, ոչ թե միջազգային փաստաթղթերի վավերացմամբ: Ուստի, ըստ նրա, Հայաստանը պետք է ջանքեր գործադրի, որ համաձայնագիրը ստորագրվի մինչև ընտրությունների մեկնարկը, որպեսզի վավերացումը «մի քանի ամիս չհետաձգվի, ժամանակի կորուստ չունենանք»:
Հարցին՝ Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի պարագայում փաստաթղթի վավերացումը տևեց 1.5 տարի, այնինչ այս պետությունների պարագայում հենց Եվրամիությունն էր շահագրգռված որքան հնարավոր է շուտ վավերացնել Ասոցացման համաձայնագրերը, արդյոք Հայաստանի պարագայում չափազանցված չէ՞ մեկ տարում վավերացումը, Պողոսյանը պատասխանեց, թե չափազանցված չէ մեկ տարում վավերացումը:
«Երեք երկրների փորձը կա և ԵՄ-ն այդ փորձից գիտակցում է, որ ճիշտ աշխատելու պարագայում կարելի է նաև ավելի արագ ավարտել գործընթացը: Մեր շահերից է բխում շուտ վավերացնելը, ուստի մենք պետք է նպաստենք, որ գործընթացը արագ լինի: Թե չէ նստել սպասել՝ մեկ տարում կլինի, երկու տարում, միշտ էլ կարելի է»:
Թևան Պողոսյանի խոսքով՝ պայմանագրում ամրագրված է, որ որոշակի դրույթներ կարող են կյանքի կոչվել համաձայնագրի ոչ ամբողջական վավերացումից առաջ: Նա ասաց, որ ֆինանսական մի շարք գործիքներ, որոնք կարող են նպաստել որոշ ոլորտների զարգացմանը, կարող են տրամադրվել վերջնական վավերացումից առաջ:
«Խոսքը արդարադատության ոլորտի, մարդու իրավունքների, տնտեսական, ՓՄՁ զարգացման, կրթության և մի շարք այլ ուղղությունների է վերաբերում: Դաշտն ամբողջովին բաց է, չկա մի ոլորտ, որտեղ չենք կարող չհամագործակցել»,- հավելեց նա:
Թևան Պողոսյանը դժվարացավ ասել, թե հաջորդ երկիրը, որը կվավերացնի համաձայնագիրը, որը կլինի: Նրա համոզմամբ, դա ամենևին կարևոր էլ չէ. «Կարևոր չէ, թե ով կլինի, կարևոր է, թե գործընթացը որքան հարթ կանցնի, որքան արագ կլինի: Շատ բան չի փոխվում՝ հաջորդը Լատվիան կլինի, թե Ֆրանսիան: Կարևոր է, որ վերջնական արդյունքում վավերացնեն բոլորը»: