Ցանկալի կլիներ թանկացումների դեմ «Ելքի» պայքարը տեղափոխվեր «էլեկտրիկ Երևանի» մակարդակի. Արշակ Սադոյան
Թանկացումների դեմ պայքարի անհրաժեշտություն և ցանկություն կա. շատ ավելի ցանկալի կլիներ պայքարը տեղափոխվեր «էլեկտրիկ Երևանի» մակարդակի. Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ Հանրային խորհրդի անդամ, նախկին ԱԺ պատգամավոր Արշակ Սադոյանը:
«Տեսնենք, թե «Ելք» խմբակցությունն ինչ արդյունք կտա, թեկուզ ոչ էֆեկտիվ պայքարն իր արդյունքը կարող է ունենալ, որովհետև ժամանակին ես էլ, երբ խոսում էի, ասում էին` «պարո՛ն Սադոյան, էնքանա որ խոսում ես էլի», ես պատասխանում էի, ասում էի` հլա պատկերացնո՞ւմ եք, որ չխոսամ ինչ կլինի: Գործը, իհարկե, չի հասնի լուրջ քաղաքական հետևանքների, կամ իշխանափոխության, ընդհակառակը` բոլորս էլ հասկանում ենք ինչ վիճակում է քաղաքական դաշտը, մյուս կողմից էլ` փորձը ցույց տվեց, Սասնա ծռերից հետո էլ տեսանք, որ որևիցե հեղափոխական ճանապարհի չենք, ցավոք: Այս պայքարը կարող է նույնիսկ ավարտվել, բայց «Ելքի» միջոցառումը գուցե ինչ-որ չափով գյամերը կքաշի այն մարդկանց, որոնք հենց այնպես, օգտվելով առիթից, թանկացումների են տանում»,-ասաց նա:
Արշակ Սադոյանը խնդիրը տեսնում է քաղաքական ուժի պայքարի մեջ: «Կա երկրում խնդիր, չէի ուզենա բաց տեքստով այդ բարդության մասին ասել, բայց խնդիրը հետևյալն է` ՀՀ-ում լուրջ քաղաքական դաշտ, այսպես ասած, նախաձեռնող գործունեություն ծավալող դաշտ չկա, և գործը հասել է այնտեղ, որ քաղաքական ուժերն առանց անհարմար զգալու իրենց անվանում են այսինչի դաշինքը, այնինչի շուրջ դաշինքը՝ Ծառուկյան դաշինք, Օհանյան դաշինք, այսինքն՝ վաղուց բաց տեքստով ասվում է, որ ՀՀ-ում քաղաքական ուժերը ոչ թե ինչ-որ գաղափարի շուրջ են համախմբվում, այլ այնինչի համախոհների կամ կլանի շուրջ: Կլանները դառնում են կուսակցություն և այդ կուսակցություններում է ծառապատված Հայաստանի քաղաքական դաշտը: Եվ այս պայմաններում սպասել լուրջ արդյունքի հասնող պայքար քաղաքական դաշտի տեսակետից, կարծում եմ, պետք չէ»,-ասաց նա:
Ըստ Արշակ Սադոյանի՝ թե ինչքանով կմոբիլիզացվի ժողովուրդը, կախված է նրանից, թե ինչ խնդիր է դրված: «Եթե խնդիրը դրված է փոխել համակարգը, կամ իշխանական կառույցը, կրիտիկական զանգվածը շատ ավելի մեծ ու հզոր կազմակերպված պետք է լինի, իսկ եթե խնդիրը դրված է, որպեսզի այդ օլիգարխները, թաթալաբազները քիչ թալանեն ժողովրդին, բնական է նման խնդիրն այնպիսին է, որ աստիճանաբար մեծացող, փոքրացող հասարակություն կլինի ներկա: Բոլոր դեպքերում, թեկուզ փոքր մեկնարկային պայքարը կարևոր է և անհրաժեշտ»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է Հանրային խորհրդի անելիքներին, ապա Արշակ Սադոյանը նշեց, թե դեկտեմբերի վերջին լուրջ քննարկումներ եղել են թանկացումների վերաբերյալ, նաև կառավարության ներկայացուցիչների, ՏՄՊՊՀ ղեկավարի հետ. նշվել է, որ շուկան մրցակցային է և թանկացումների մասով իրենք ոչինչ չէին կարող անել:
«Իհարկե, նոր տարվա շեմին պարզ դարձավ, որ շատ մթերքներ նույնպես կտրուկ թանկանում են, Հանրային խորհուրդը քննարկեց, բայց մենք իշխանական լծակներ չունենք, տա Աստված` օրենք ընդունվի և կարողանանք ինչ-որ չափով լծակներ ստանալ»,-ասաց նա: