Թրամփը զարմացել է՝ տեղեկանալով, որ հրավիրված չէ արքայազն Հարիի և Մեգան Մարքլի հարսանիքին. DM
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը շփոթվածության զգացողություն է ունեցել, երբ տեղեկացել է, որ իրեն չեն պատրաստվում հրավիրել Մեծ Բրիտանիայի արքայազն Հարիի ու դերասանուհի Մեգան Մարքլի՝ այս տարվա մայիսին կայանալիք պսակադրությանը:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, այս մասին պատմել են քաջատեղյակ աղբյուրները՝ ընդգծելով, որ Թրամփի համար սա չափազանց զգայուն թեմա է: Յոթանասունմեկամյա ղեկավարն ակնկալում էր, որ իրեն հրավիրելու են թագավորական հարսանիքին:
Սակայն թագավորական ընտանիքի աղբյուրը տեղեկացրել է, որ թեպետ հյուրերի ցուցակը դեռևս չի հայտարարվել, սակայն պարզ է, որ Թրամփին հրավիրելու որևէ պատճառ չկա:
Հիշեցնենք, որ նախօրեին Թրամփը չեղարկել էր աշխատանքային այցը Լոնդոն, որտեղ պետք է մասնակցեր ԱՄՆ նոր դեսպանատան բացման արարողությանը:
«Լոնդոնյան ուղևորությունս չեղարկելու պատճառն այն է, որ չեմ պաշտպանում Լոնդոնի լավագույն դեսպանատներից մեկը գրոշների դիմաց վաճառելու Օբամայի վարչակազմի որոշումը, որպեսզի այնուհետ 1.2 մլրդ դոլարով նորը կառուցենք հեռավոր շրջանում: Դա վատ գործարք Է: Եվ նրանք ցանկանում են, որ ես կտրե՞մ ժապավենը: Ոչ մի դեպքում»,- գրել է Թրամփը:
Սակայն Լոնդոնի քաղաքապետ Սադիք Խանն այլ կերպ է մեկնաբանել ԱՄՆ նախագահի որոշումը: Խանի կարծիքով՝ Թրամփը հրաժարվել է Լոնդոն գալ, քանի որ լավ գիտի՝ լոնդոնցիները դեմ են իր այցին:
Հետաքրքրական է, որ ԱՄՆ նոր դեսպանատան բացման արարողությանը Թրամփի բացակայությունը լրացրել է նրա մոմե արձանը: