Ադրբեջանում ահաբեկչության մասին տեղեկությունը չի հաստատվել
Ադրբեջանում ծրագրվող ահաբեկչության մասին տեղեկությունը չի հաստատվել: Այս մասին հայտնում է Minval.az-ը՝ հղում անելով երկրի ՆԳ նախարարության մամուլի ծառայությանը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հունվարի 12-ին՝ տեղական ժամանակով ժամը 12:38-ին, անհայտ անձը զանգահարել է Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության «112» ծառայություն և անգլերենով հաղորդել ռումբի առկայության ու ահաբեկչական ակտի պլանավորման մասին: Տեղեկությունը փոխանցվել էր ՆԳՆ-ի «102» ծառայություն:
Աղբյուրը մանրամասնում է, որ իրավապահ մարմինների աշխատակիցները հրատապ միջոցներ են ձեռնարկել, որոնց արդյունքում պարզվել է, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը:
Նշվում է, որ ոստիկանության աշխատակիցների իրականացրած օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում «տաք հետքերով» բացահայտվել և ձերբակալվել է մայրաքաղաք Բաքվի երկու բնակիչ, որոնք էլ հաղորդել են կեղծ տեղեկությունն ահաբեկչության մասին:
Նշվում է, որ այժմ հետաքննություն է ընթանում: