Արաքս և Կուր գետերի ավազանում ֆիքսել ենք բնակատեղիներ, որոնք ստացիոնար բնակատեղիների ամենավաղ դրսևորումն են այստեղ. Պ. Ավետիսյան
Սահմանված կարգ կա, որ ցանկացած հողաշինական աշխատանքի դեպքում, եթե այն մեծ ծավալի է, ապա նախ և առաջ պետք է հաշվարկել, թե այդ աշխատանքն ինչ չափով կարող է ազդել բնության, նաև պատմամշակութային ժառանգության վրա: Այս մասին ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանն ասել է «Շանթ» հեռուստաընկերության եթերում:
«Ե՛վ կառուցողները, և՛ շինարարները պարտավորված են ամբողջ տարածությունն ուսումնասիրել, տեսնել ինչ կա, և եթե այնտեղ ունենք հնագիտական կամ պատմամշակութային ժառանգության այս կամ այն օբյեկտ, ապա պետք է ապահովել դրա անխաթարությունը»,-ասել է Պավել Ավետիսյանը:
Նշենք, որ Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղի հարևանությամբ «Լեռնագոգ 1» անվամբ հնավայրում բացահայտվել է բնակատեղի, որն ապացուցում է, որ Հայկական լեռնաշխարհի այս հատվածները բնակեցնողները նեոլիթյան դարաշրջանի սկզբնափուլերում այդ գործընթացների ակտիվ մասնակիցն են եղել:
Անդրադառնալով Հյուսիս-հարավ ավտոճանապարհին հայտնաբերված հնավայրին՝ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրենն ասել է, որ Աշտարակից Թալին ընկած տարածքում պեղումներ են կատարել և ճանապարհի շինարարության հետևանքով վտանգված բոլոր հուշարձանները ուսումնասիրել են, անգամ պահանջել են ճանապարհի հետագիծը փոխել Ագարակի պատմամշակութային արգելոցում, երբ պարզվել է, որ իրենց բացած հատվածներն այդքան կարևոր են: «Հիմա Հյուսիս-հարավ ճանապարհը կառուցողները մեկ-մեկ բողոքում են, թե հնագետները մեզ խանգարում են աշխատել, ժամանակ է պահանջում այդ փոփոխությունը և այլն, բայց ակնհայտորեն ճանապարհն այնպես կանցնի, որ այն, ինչ բացել ենք, կմնա: Դրանք եզակի գտածոներ են»:
Պավել Ավետիսյանի գնահատմամբ՝ շատ դեպքերում պատահաբար են հայտնաբերվում ինչ-որ գտածոներ: Ավելի հետաքրքիր բաները պատահաբար են հայտնաբերվում, քան սիստեմատիկ, պեղված հնավայրերը: Բայց, բոլոր դեպքերում, գիտելիք, գիտական արդյունք ստացվում է այն դեպքում, եթե դու պարբերաբար, սիստեմատիկ աշխատում ես որևէ տեղ: Իսկ պեղումներն այնպիսի բան են, որ տասնյակ տարիներ որևէ կոնկրետ հուշարձանում դու պետք է պեղումներ անես, որ ինչ-որ համեմատական, ամբողջական պատկերներ ունենաս:
«Լեռնագոգի առանձնահատկությունն այն է, որ մենք Անդրկովկասի կամ Արաքսից հյուսիս ընկած տարածքում՝ Արաքսի և Կուր գետի ավազանում ֆիքսել ենք բնակատեղիներ: Այդ բնակատեղիների ստորին շերտերը ժամանակագրվում են Ք. ա. 6-րդ հազարամյակի առաջին քառորդ՝ 5750-ական թվականներին: Մենք կարծում ենք, որ դա ստացիոնար բնակատեղիների ամենավաղ դրսևորումն է այստեղ, երբ մարդը գիտեր՝ ինչ բան է կառուցապատումը, կառուցապատում էր և ապրում այդ կառուցած տներում»,-պատմել է հնագետը և ավելացրել, որ Լեռնագոգում հայտնաբերել են մինչև 6900-6800 թվականներին թվագրվող մի շերտ, որտեղ արձանագրել ենք կավաշերտ կառույցի մնացորդներ: Խոսքը պատի մասին է, շինության պատի մասին:
«Արաքսի ավազանի հատվածներում մենք բացել ենք, անգամ աղյուս չկա, հում աղյուս չկա: Այն ժամանակ կապի ժապավեններով պատեր են կառուցել, 390սմ-մեկ մետր երկարությամբ, բավականին մեծ լայնությամբ՝ 25-30 սմ, պատեր, իրար վրա են դրել ժապավենները և կլոր կառույցներ ստացել՝ 4 մետր տրամագծով, 6 մետր տրամագծով: Բակերը նույնպես այդ պատերով են պարփակել և այդ միջավայրում իրենց տնտեսությունն են կազմակերպել: Մենք պատն արդեն արձանագրել ենք, ուղղակի մեր պեղած տարածքները 25 քմ են, վաղը չէ մյուս օրը, եթե ընդլայնենք մեր պեղման հրապարակը, շատ ավելի մանրամասներ կարող ենք արձանագրել»,-եզրահանգել է Պավել Ավետիսյանը: