ԵԱՀԿ տարածքում առկա «ձգձգվող» հակամարտությունները շարունակում են մնալ Եվրամիության ուշադրության կենտրոնում
Եվրամիությունը բարձր է գնահատում գործող ձևաչափերի շրջանակում «ձգձգվող» հակամարտությունների, այդ թվում՝ նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ ջանքերի ամրապնդմանը սատարելու Իտալիայի ձգտումը: Այս մասին ասվում է ԵԱՀԿ-ում ԵՄ առաքելության տարածած հայտարարությունում:
Հայտնի է, որ այն տարածվել է ի պատասխան ԵԱՀԿ նոր գործող նախագահ, Իտալիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Անջելինո Ալֆանոյի հայտարարությանը:
Նշվում է, որ ԵԱՀԿ նոր գործող նախագահը, ներկայացնելով 2018 թվականի ԵԱՀԿ-ի նախագահության շրջանակներում իր երկրի առաջնահերթությունները, ասել էր, որ ԵԱՀԿ-ն կշարունակի աջակցել Մինսկի խմբի համանախագահների աշխատանքին Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շրջանակում:
ԵՄ առաքելությունից ընդգծել են, որ ԵԱՀԿ տարածքում առկա «ձգձգվող» հակամարտությունները, ինչպես և նախկինում, գտնվում են ուշադրության կենտրոնում:
«Մենք բարձր ենք գնահատում Իտալիայի՝ գործող ձևաչափերի շրջանակում տվյալ համակարտությունների լուծմանն ուղղված ԵԱՀԿ գործունեության հետագա ամրապնդման հարցում հանձնառությունը»,-ասվում է հայտարարությունում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ալֆանոն Լեռնային Ղարաբաղի մասով ասել էր, որ իրենք կշարունակեն աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքին հակամարտության կարգավորման շրջանակում:
Ալֆանոն նշել էր, որ ԵԱՀԿ-ի դիրքորոշումն անփոփոխ կմնա չկարգավորված հակամարությունների վերաբերյալ, և այդ հարցերը կմնան կազմակերպության ուշադրության կենտրոնում:
«Ձգձգված» հակամարտությունների կարգավորումը կշարունակի մնալ կազմակերպության ուշադրության կենտրոնում»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 1-ից ԵԱՀԿ-ում նախագահում է Իտալիան: