Լոնդոնում Էկվադորի դեսպանատունը ցանկանում է վռնդել Ասանժին՝ անտանելի փնթիության պատճառով. Fox News
Լոնդոնում Էկվադորի դեսպանատունը ցանկանում է վռնդել սկանդալային նյութերի հրապարակմամբ զբաղվող WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժին, որին ապաստան է տրամադրել 2012թ. ի վեր:
Ինչպես նշում է foxnews.com–ը, էկվադորցիներին վրդովեցնում են Ասանժի կենցաղային սովորություններն ու հիգիենայի տարրական կանոններին չհետևելը: Դեսպանատան աշխատակիցները բողոքել են Ասանժի փնթիությունից՝ նշելով, որ նրանից վատ հոտ է գալիս և որ նա հաճախ չի լողանում:
Ավելի վաղ նրա մոտ օգնական Դենիել Դոմշայտ Բերգը պատմել էր, որ Ասանժը ձեռքերով է ուտում սնունդն ու հետո մատները մաքրում է հագուստին քսելով: Մինչդեռ նրա ընկեր և նախկին գործընկեր Ժերեմի Ցիմերմանը պատմել է, որ Ասանժը կարող է օրերով չփոխել հագուստն ու լոգանք չընդունել:
Հիշեցնենք, որ հունվարի 10-ին Ասանժն Էկվադորի քաղաքացիություն է ստացել:
Հայտնի է, որ Ասանժն Էկվադորի դեսպանատանն է գտնվում 2012թ. հունիսից: Նա այնտեղ է ապաստանել, որպեսզի խուսափի Շվեդիա արտահանձնումից: Նշվում է, որ Ասանժը Շվեդիայում մեղադրվում է բռնաբարության համար: Ասանժը մտավախություն ունի, որ Շվեդիա արտահանձնվելու դեպքում իրեն կարող են փոխանցել ԱՄՆ իշխանություններին, որոնք էլ կարող են իրեն մահապատժի դատապարտել գերգաղտնի տեղեկությունների հրապարակման համար: