ՌԴ–ի կողմից Ադրբեջանին զենքի մատակարարումը ոչ թե բալանսավորում, այլ պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծում տարածաշրջանում. Դավիթ Ջամալյան (տեսանյութ)
Նպատակահարմարությունից ելնելով՝ ցանկալի է, որ Հայաստանը ձեռք բերի միատիպ սպառազինություն․ Tert.am-ի հետ զրույցում, պատասխանելով դիտարկմանը, որ Հայաստանը սպառազինության ձեռքբերման հարցում բավականին լուրջ կախվածություն ունի Ռուսաստանից, այսպես պատասխանեց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը:
«Եթե մեր զինված ուժերը հագենան տարաբնույթ, թեկուզ նույն տիպի, բայց տարբեր երկրների արտադրած սպառազինության տեսականիով, ապա արդեն մարտական իրավիճակում ներդաշնակելը, հաշվարկները, անձնակազմը ներդաշնակելը բավական բարդ կլինի: Այդ խնդիրը մենք տեսանք ադրբեջանական բանակում ապրիլյան պատերազմում: Ցանկալի է հուսալի համագործակցություն ունենալ մեկ արտադրողի հետ, սակայն դա չի նշանակում, որ մենք սահմանափակում ենք ինքներս մեզ»,- ասաց նա՝ նշելով, որ այդ առումով ռուսական սպառազինությունն արդարացրել է մեր սպասումները:
Դավիթ Ջամալյանի խոսքով՝ ինքը, լինելով հայ-ռուսական դաշինքի սկզբունքային կողմնակից, վստահ է, որ մենք փոխադարձաբար ենք կախված մեկս մյուսից: «Հայ-ռուսական դաշինքն անհրաժեշտ է ոչ միայն մեզ, այլ նաև՝ Ռուսաստանին: Եվ դաշինքի նշանակության մեջ մենք հավասար պայմաններում ենք գտնվում․ մեզ Ռուսաստանն անհրաժեշտ է այնքան, որքան մենք Ռուսաստանին: Եթե այս թեզն առաջ ենք քաշում, և երբ փորձում ենք դետալիզացնել, ապա առաջին հերթին առաջնահերթություններից մեկը այդ համագործակցությունում սպառազինությունների ձեռքբերումն է: Ուժեղ Հայաստանը ձեռնտու է նաև Ռուսաստանին, իսկ ուժեղ Հայաստան ունենալու համար մենք պետք է մեր շահերն առաջ մղենք, տվյալ դեպքում մեզ համար կարևոր է հենց ռուսական զենքի մատակարարումը»,- ասաց նա:
Հայ-ռուսական հարաբերություններում առկա հիմնական կնճիռը, ռազմական փորձագետի խոսքով, Ռուսաստանի կողմից զինամթերքի մատակարարում է Ադրբեջանին: Նրա խոսքով` բոլոր մյուս հարցերը սկզբունքորեն լուծելի են:
Ռուսական կողմի այն պատճառաբանություններն էլ, թե Ադրբեջանին զենք վաճառելով՝ իրենք փորձում են բալանսավորել տարածաշրջանը, Դավիթ Ջամալյանը շատ խոցելի համարեց: «Իմ կարծիքով՝ ռուսական սպառազինությունների մատակարարումը ոչ թե բիզնես նպատակ ունի, կա այդ կողմը, բայց երկրորդական է, այլ ավելի շատ Ադրբեջանին ռուսական կողմից կախման մեջ դնելու հուսահատ քայլ է դա, որովհետև եթե դուք զենք եք մատակարարում, ուրեմն դա ենթադրում է շարունակական, տևական, տարաբնույթ կապ մատակարարի հետ, և, հավանաբար, մեր գործընկերները, տեսնելով, որ Ադրբեջանը հաստատակամորեն հեռանում է ռուսական ազդեցության ոլորտից, փորձում են այդ կերպ կապվածություն ստեղծել»,- ասաց նա՝ նորից ընդգծելով, որ դա իրականում հուսահատ և արդյունք չտվող փորձ է:
Որպես իր նշածի պատճառ՝ Դավիթ Ջամալյանը բերեց այն, որ Ադրբեջանը թուրքական պետության մի ձև է: «Դրա՝ տարաբնույթ հարցերում կախվածությունը Թուրքիայից այնպիսին է, որ կտրել Թուրքիայից, սկզբունքորեն հնարավոր չէ»,- ասաց նա:
Դավիթ Ջամալյանը նաև նշեց,որ մյուս կողմից` Ադրբեջանին զենք մատակարարելով պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվում ռեգիոնում, այլ ոչ թե բալանսավորվում է տարածաշրջանը: «Ես ցինիկ մեկնաբանություններ եմ դրանք որակում՝ լինելով հայ-ռուսական դաշինքի կողմնակիցը: Ռուսական կողմի պատճառաբանություններն անհեթեթ են, որովհետև մենք ագրեսիվ նկատառումներ չունենք, ագրեսիվ նկրտումներ ունի Ադրբեջանը: Եթե դուք զենք եք մատակարարում Ադրբեջանին, ապա խրախուսում եք այդ նկրտումների կենսագործումը և լարվածության աճին եք նպաստում»,- նշեց նա:
Անդրադառնալով վերջերս քննարկման արժանացած թեմային, որ ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների արդյունքում Հարավային Կովկասից հեռանա ռուսական զենքը, Դավիթ Ջամալյանը դրանք չափազանցված համարեց՝ նշելով, որ ռուս-ամերիկյան հարաբերություններում լարվածությունը նոր իրողություն չէ մեզ համար:
Մանրամասները` տեսանյութում։