Facebook-ի լրահոսում փոփոխությունների մասին հայտարարությունը Ցուկերբերգին «արժեցել» է մոտ 3 մլրդ դոլար
Facebook սոցցանցի լրահոսում փոփոխությունների մասին հայտարարությունը սոցցանցի հիմնադրին «արժեցել» է մոտ 3 մլրդ դոլար, գրում է Bloomberg-ը։
Ինչպես հայտնում է գործակալությունը՝ ուրբաթ, երբ Մարկ Ցուկերբերգը հայտարարեց սոցցանցի լրահոսում բիզնեսների, բրենդների և մեդիաների հրապարակումները քիչ երևացող դարձնելու մասին, ընկերության արժեթղթերի արժեքն ընկավ 3,9%-ով։ Արդյունքում՝ Ցուկերբերգի կարողությունը, Bloomberg Billionaires Index-ի համաձայն, $77,3 միլիարդից նվազել է $74,4 միլիարդի։
Եթե այս միտումը շարունակվի, ապա Ցուկերբերգը կկորցնի Bloomberg-ի վարկածով աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում 4-րդ հորիզոնականը՝ այն զիջելով Zara-ի սեփականատեր Ամանսիո Օրտեգային։
Հիշեցնենք, որ երեկ հաղորդվել էր, որ Facebook-ը փոխելու է իր լրահոսի աշխատելու մեխանիզմը՝ քիչ երևացող դարձնելով բիզնեսների, բրենդների և մեդիաների հրապարակումները: Սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն իր էջում հայտնել էր, որ փոխարենը՝ կընդգծվի բովանդակությունը, որը միջանձնային շփումների առիթ կդառնա սոցիալական ցանցն օգտագործողների միջև:
Փոփոխությունները տեղի կունենան առաջիկա շաբաթների ընթացքում:
«Նման փոփոխություններ ներմուծելով՝ ես ակնկալում եմ, որ մարդիկ ավելի քիչ ժամանակ կսկսեն անցկացնել Facebook-ում, կնվազի կայքի այցելությունների համար առիթների քանակը: Սակայն ես ակնկալում եմ, որ ժամանակը, որը դուք անցկացնում եք Facebook-ում, ավելի արժեքավոր և օգտակար կդառնա»,- գրել էր նա իր էջում: